Երեւանում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության

Արդեն երրորդ օրն է, ինչ Երեւանում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու։

Մի քանի օր է, ինչ Ֆրանսիայի Հրապարակը շարունակում է շրջապատված մնալ նստարաններով, աղբամաններով, որոնք այդտեղ են բերվել հարակից փողոցներից։ Ցուցարարները նաև բերել են վառարան, խմելու ջուր, սնունդ։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ երթևեկության համար։

Երեկ Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները ներխուժել էին Հանրային ռադիո և ուղիղ եթեր էին պահանջում:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ քայլարշավը օրեր առաջ սկսել էր Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։ Նրանք քայլել են 214 կմ և անցել Հայաստանի խոշոր քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով: