Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Նինոծմինդայում

Ապրիլի 22-ի Ռաֆայել Ջավախք մշակութային կենտրոնի միջոցառումը նվիրված էր Մեծ եղեռնի զոհ, արևմտահայ տաղանդավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին և այլոց, որոնց անմահ պոեզիան մեր գրականության հպարտությունն է: Որպես հիանալի հավելում՝ կարոտի հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանն էր՝ իբրև խտացումը մեր ազգային ողբերգության, որպես մունետիկը բարության, մարդկայնության, հայկական հավերժության:

Կենտրոնի ասմունքի «Պաոնաս» ակումբի սաները (ղեկավար՝ Սաթիկ Սնխչյան)՝ Աննա Այվազյանը, Հասմիկ Պոտօղլյանը, Հասմիկ Ղազարյանը, Արմինե Արզումանյանը, Մարինա Նորսոյանը, Հռիփսիմե Մուրադյանը, Ֆիալա Բաբոյանը, Դիանա Ալթունյանը, մյուս փոքրիկ ասմունքողները միջոցառման ընթացքում ոչ միայն ներկայացրին արևմտահայ եղեռնակոծ շողշողուն պոետներին, նրանց անցած գրական ուղին, այլև Վիլյամ Սարոյանի՝ համաշխարհային գրականության այդ երևելի ներկայացուցչի ողջ հումանիզմն ու սերը՝ արտահայտված նրա ասույթներում, պիեսներում և պատմվածքներում:

Միջոցառման հաջողությունը մեծապես պայմանավորված էր ոչ միայն ասմունքողների վարպետությամբ, այլև երաժշտական ճաշակով ձևավորմամբ, որն իրականացրել էր կենտրոնի երգչախմբի ղեկավար Իրինա Ղարսլյանը:

Միջոցառման մասնակիցների հասցեին դրվատանքի խոսքեր հնչեցրին կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը և շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:


Ռաֆայել Ջավախք մշակութային կենտրոնի մամուլ դիվան