Ջահերով երթ Ախալքալաքում

Ավանդույթի համաձայն սույն թվականի ապրիլի 23-ին՝ ցեղասպանության զոհերի հիշատակին, Ախալքալաքում տեղի ունեցավ ջահերով երթ: Այն սկիզբ առավ Ախալքալաքի բերդի տարածքից: Երթն առաջնորդում էր Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը։ Երթի սկիզբը ազդարարվեց Տերունական աղոթքով: Երթի մասնակիցները ջահերով և «ճանաչում» վանկարկումով բերդի տարածքից բարձրացան դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։

Եղեկեցում տեղի ունեցավ Սրբոց նահատակաց նվիրված բարեխոսական աղոթք: Քանի որ Սրբադասումից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այլևս սգո օր չէ, ուստի վաղը՝ ապրիլի 24-ին, տեղի կունենա Սուրբ և Անմահ Պատարագ, հոգեհանգստյան արարողության փոխարեն։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան