Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց

Armenian-community.ge-Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել իր իսկ կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ
իրագործված Ցեղասպանությունը:

Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական
քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության
համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի համար
արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես
նաև կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ
քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի
Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:

2018 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում,
պետական մակարդակով ծրագրված հայ ազգի իր իսկ պատմական հայրենիքում
ոչնչացման – Ցեղասպանության 103-րդ տարելիցը:

1915-1923թ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը
կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի
մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող թուրքական պետության
կողմից: