ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Շարմազանով

news.am-Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի: Այս մասին ՀՀԿ գրասենյակում լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:

«Մեզ համար ամենաառաջնայինը պետության, հայրենիքի շահն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը եւ ներքին կայունությունը: Առաջնորդվելով այդ մարտահրավերներով եւ առաջնահերթություններով ՀՀԿ-ն այսօր որոշել է.

ա) ՀՀԿ խմբակցությունը Հայաստանի վարչապետի թեկնածու չի առաջադրելու,

բ) ՀՀԿ խմբակցությունը կքննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը եւ մինչեւ քվեարկությունը միասին կներկայացնի իր որոշումը»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով ՀՀԿ-ն այս որոշումն է կայացրել, քանի որ երկրում քաղաքական իրավիճակն է փոխվել. «Այսօր մեր երկրում քաղաքական ճգնաժամ է հայտնի իրադարձությունների պատճառով կամ հետեւանքով: Հայաստանում նոր իրողություններ են եւ մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է: Մենք առաջնորդվում ենք` «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» սկզբունքով: Մեր կուսակցության քաղաքական հայրերը, հիմնադիրները մեզ չեն ժառանգել կուսակցամոլության գաղափարը, մեզ ժառանգել են պետականաշինության եւ պետականամետության գաղափարը: ՀՀԿ-ն անկախ Հայաստանի պետականության ամենակարեւոր հիմնասյուներից մեկն է եւ դա չի նշանակում, որ դու միշտ պետք է լինես իշխանություն եւ միշտ պարտավոր ես կուսակցական շահը ավելի կարեւոր դասել, քան պետական շահը: Մեզ համար ամենավեհը պետության շահն է եւ մենք չունենք հայրենիք, որպեսզի տանենք ցնցումների»,-հայտարարեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ այսպիսին է իրավիճակը եւ սա գիտակցված որոշում է, որի հիմքում ընկած է ներքին կայունությունը եւ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երեւանում եւ Հայաստանի մի շարք քաղաքներում բազմահազարանոց հանրհավաքներ ու ակցիաներ էին տեղի ունենում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Բողոքի ակցիաները գլխավորում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից եւ վարչապետի պաշտոնակատար դարձավ Կարեն Կարապետյանը:

Սրանով բողոքի ակցիաները չդադարեցին. Փաշինյանը պահանջում էր ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից:

Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն էլ առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել: «Ծառուկյան» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: