Հայաստանում մնացել է ընդամենը 50 աթոռ՝ Բաղրամյան 19-ում, իշխանությունն այստեղ է

Armtimes.com-21:45- Նիկոլ Փաշինյանը խնդրեց ծափահարել ու ողջունել ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԵԼՔ խմբակցությանն ու ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, ով միակն էր իրենց կուսակցությունից, որ կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն ու ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, հրաժարականի դիմում է գրել:

Հանրահավաքն ավարտվեց՝ վաղվա գործողությունների պլանը կրկին անգամ ներկայացնելով:

21:40- «ՀՀԿ-ն այլեւս բարոյապես գոյություն չունի, եթե անգամ փողոցում մի տեղ տեսնեք հանրապետականի որեւէ պատգամավորի, չնկատելու տվեք, որովհետեւ իրենք այսուհետ գոյություն չունեն:

Հայաստանում ավելի քիչ փողոց կա, քան այստեղ մարդիկ, եթե միայն այս բոլր մարդիկ էլ լծվեն այդ գործին, ՀՀ-ում այլեւս բաց փողոց չի մնա:

Ես ուզում եմ խոնարհվել ձեր առջեւ: Ես երեկ եմ ասել, որ ինչ պետք է այսօր տեղի ունենար ԱԺ-ում, այդքան էական չէ: Ինչքան երկարում է այս պրոցեսը, այդքան հայտնի է դառնում հայաստանն աշխարհում ու շուտով կդառնա աշխարհի իդեալը: ՀՀ-ի վարկանիշն աշխարհում երբեք այսքան բարձր չի եղել, ինչքան այսօր:

ԱԺ-ն, կառավարությունը այժմ երկրորդական բաներ են, որովհետեւ այժմ աշխարհի ուշադրությունն այս հրապարակի վրա է, ու աշխարհում շարունակում են զարմանալ՝ ինչպիսի քաղաքակիրթ, ինչպիսի զուսպ ազգի հետ գործ ունի:

Այսուհետ աշխարհում հայերի անունը ասոցացվելու է հաղթանակի, սիրո, արժանապատվության հետ, մենք հպարտ ենք, որ հայ ենք, որ ՀՀ քաղաքացի ենք:

Վաղը առավոտվա 8:15-ից տոտալ գործադուլ ու տոտալ դասադուլ, շրջափակում ենք հաղորդակցության բոլոր միջոցները՝ երկաթուղին, օդանավակայանն ու փողոցները, ամեն ինչ, ՀՀ քաղաքացիները դուրս են գալիս պահանջով, որ իրենց թեկնածուն դառնա վարչապետ: Երեկոյան ժամը 19:00-ին կրկին ռեկորդային հանրահավաք է տեղի ունենալու: Այսօրվա հանրահավքը ռեկորդայինն է այս օրերի մեջ,-շարունակեց Փաշինյանը:

21:30- «ՀՀԿ կուսակցության գործողություններին հաջորդում է մեր հակաքայլը՝ վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ ու դասադուլ, վաղը շրջափակվում են բոլոր փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ես դիմում եմ որպես ժողովրդի թեկնածու՝ բոլոր պետական ծառայողներին վաղը հայտարարում ենք տոտալ գործադուլ:

Այս պայքարը չի կարող չավարտվել հաղթանակով, չկա այդպիսի տարբերակ, ուղղակի գոյություն չունի: Վաղը կարիք չի լինի փողոցը փակելու համար որեւէ մեկից ներողություն խնդրել, որովհետեւ Հայաստանում արդեն գրեթե չեն մնացել մարդիկ, որոնք կողմ չեն այս հաղթանակին»:

21:24- «Աներեւակայելի է, որ 250 հազար մարդ առավոտից այստեղ սպասում է, սա նշանակում է, սա ուրիշ Հայաստան է, մեր հաղթանակն ապահովված է: Այս ուրիշ Հայաստանում մնացել է ընդամենը 50 հատ աթոռ՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող, մնացած ամբողջ Հայաստանը ՀՀ քաղաքացու լիիրավ իշխանության ներքո է: Այսօր ՀՀկ-ի պահվածքն ուներ բացառապես պրովակացիոն բնույթ, նրանք ուզում էին հասնել նրան, որ թեկնածուն ու ժողովուրդն ափերից դուրս գան, գրոհներ անեն, բայց մենք դիակապտությամբ չենք զբաղվում, քաղաքական այդ մեռելը ընդհանրապս արժանի չէ մեր ուշադրությանը: Ու եթե խոսք է գնում բանակցությունների մասին, պաշտոնապես հայտարարում եմ՝ բանակցությունները կարող են վերաբերվել միայն ՀՀԿ կուսակցության հուղարկավորությանն ու հոգեհացին: Ես ուզում եմ հստակ գնահատենք տեղի ունեցածը, այսօր ՀՀԿ-ի քվեարկությունն ունեցել է նույն բովանդակությունը, ինչ ուներ մեր առեւանգումը Արցախի փողոցից:

Մենք նույնիսկ կես մմ հետքայլ անելու տարբերակ ու հնարավորություն չունենք, մենք պետք է գնանք առաջ՝ ազատագրելու մեր հայրենիքի նույնիսկ ամենափոքր միլիմետրը: ՀՀ-ում այսօր չկա մի ուժ, որը կարողանա դիմակայել ձեզ: Ես դիմում եմ ոստիկանությանը՝ մի կողմ թողնել ամեն ինչ ու խառնվել ցուցարար ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

21:22- Ծափերի, վանկարկումների ներքո մոտեցավ նաեւ Սասուն Միքայելյանը:

21:20- Հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր քաղաքացիներ են, նրանց մոտեցավ Նիկոլ Փաշինյանը: Հարթակին հասնելուն պես հազարավոր մարդիկ տոնական տրամադրություն ստեղծեցին՝ վանկարկելով «հաղթանակ» ու բաց թողեցին հրավառություն: Հրապարակում են ՀՀ բոլոր մարզերից եկած մարդիկ:

21:16- Փաշինյանը դեպի հրապարակ տանող ճանապարհն անցնում է ոտքով, փողոցներում անասելի աղմուկ է, «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներ, շարունակ ավելացող բազմություն:

21:11- Այսօր կեսօրից էլ շուտ Հանրապետության հրապարակում հավաքված ու ողջ օրվա ընթացքում դրսում սպասող հազարավոր քաղաքացիներին է մոտենում Նիկոլ Փաշինյանը:

Մեկնարկելու է հերթական հանրահավաքը: Մարդկանց թիվը գնալով ավելանում, Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակին է մոտենում բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ, «Նիկոլ, վարչապետ» վանկարկումների ներքո, նրան ուղեկցում է կինը: