Բոլոր նրանց ովքեր այս օրերին փորձում են այս կամ այն կերպ ցեխ շպրտել ջավախահայության կողմը

Բոլոր նրանց ովքեր այս օրերին փորձում են այս կամ այն կերպ ցեխ շպրտել ջավախահայության կողմը՝ պիտակավորել նրան, ասելով, թե իբր ջավախահայության դիրքորոշումը ծավալովող իրադարձությունների նկատմամբ թույլ կամ հստակ չէ։

Հարգելիներս, ինչպես ցանկացած համայնքում, ջավախահայերի մեջ էլ կան տարբեր քաղաքական հայացքների, տարբեր դիրքորոշումների տեր մարդիկ, ու սա բնական երևույթ է: Որևէ ջավախահայ երբևիցե չի հանդուրժի կողմերի ու դեմերի ճամբարների բաժանել ժողովրդին։ Այսօր առավել ևս մենք դեմ ենք բաժանարար գծերի անցկամանը, այն էլ տարածքային սկզբունքով: Չպետք է մոռանալ, որ տարիներ շարունակ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը անտարբերություն են դրսևորել և ոչ հետևողական են գտնվել ջավախահայության խնդիրների նկատմամբ: Տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել ջավախահայության ազատ կամարտահայտմանը խոչընդոտելուն։

Ջավախահայությունը երբևիցէ չի մեղադրել այս կամ այն քաղաքական գործչին, չի դժգոհել որևէ մեկի անտարբերությունից, լռությունից, որոշ դեպքերում անգամ՝ ջավախահայության հանդեպ բռնի ուժի կիրառման, հալածանքների ու ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը ծափողջուններով դիմավորողներից։ Եվ այսօր որևիցե մեկը, ով էլ որ լինի, անկախ դիրքից և պաշտոնից, որևէ բարոյական իրավունք չունի պիտակավորել ջավախահայությանը, պահանջել նրանից այս քաղաքական ճգնաժամում որևէ կողմ ընդունել: Ջավախահայության դիրքորոշումը պատասխանատու է և արժանապատիվ, ջավախահայությունը դրսևորել ու հետագայում էլ դրսևորելու է բարձր ազգային ինքնագիտակցությամբ ընդգծված կեցվածք, հարիր իր պետականաստեղծ արժեհամակարգին։

Ջավախահայությունը չի եղել և երբևիցէ չի լինելու անտարբեր Մայր Հայրենիքում ծավալվող քաղաքական գործընթացների նկատմամբ: Առավել ևս մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ Հայաստանի Հանրապետությունը չափազանց խառնակ և անկայուն օրեր է ապրում: Ջավախահայերը լավ են գիտակցում, որ մեր հայապահպանության խնդրի լուծման գրավականը հզոր և կայուն Հայաստանն է։ Դրանից ելնելով` մենք լիահույս ենք, որ խոհեմությունն ու ողջամտությունը անվերապահորեն հաղթանակելու են։

Մենք կողմերին կոչ ենք անում օր առաջ նստել երկխոսության սեղանի շուրջ ու փոխզիջումների միջոցով Հայաստանը դուրս հանել այս վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի ճգնաժամից։ Կեցցե հպարտ և արժանապատիվ հայը, աշխարհի որ ծայրում էլ, որ նա ապրում է։

Վահագն Չախալան