«Հայ- վրացական մշակույթը Ջավախքում» խորագրով միջոցառում էր կազմակերպվել Մեծ Խանչալի գյուղում

Մայիսի 10-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղի հանրային դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որը կրում էր «Հայ-վրացական մշակույթը Ջավախքում» խորագիրը: Միջոցառման ընթացքում հնչեցին վրաց և հայ գրողների ստեղծագործություններ, աշակերտները հանդես եկան պարերով և երգերով: Ներկայացրեցին նաև հայկական լավաշը և վրացական գինին:

Դարերով ապրելով հարևանությամբ` հայերն ու վրացիներն ունեցել են սերտ համագործակցություն: Հայ-վրացական հարաբերությունները, ինչպես միշտ սերտ են եղել  տարբեր ոլորտներում `ռազմական, քաղաքական, գաղափարախոսական, մշակութային և այլն:

Վերոնշյալ սերտ կապի վառ արտացոլումն էր այս միջոցառումը, որը կազմակերպել էր Մեծ Խանչալի գյուղի հանրային դպրոցի ուսուցչուհի Մետաքսյա Առաքելյանը 6-րդ դասարանցիների մասնակցությամբ:

Միջոցառումը կազմակերպելու հիմնական նպատակն այն էր, որ ապագա սերունդը ևս տեղեկացված լինի երկու բարեկամ ազգերի միասին անցած ուղու մասին և գիտակցի, որ Ջավախքը լինելով այս երկու ժողովուրդների խաչմերուկում պետք է պատվով կատարի իր գործը` պահպանելով դարերից եկող բարեկամությունը:

 

Սերինե Յայլախանյան