Հայկական տոլմայի փառատոն Ախալքալաքում

Սույն թվականի մայիսի 13-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության գլխավոր՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, օրհնությամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, տեղի ունեցած «Հայկական Տոլմա» փառատոնով եզրափակվեց մայիսի 6-ին տարածաշրջանում մեկնարկած, հայկական ազգային կերակրատեսակի՝ տոլմայի փառատոնը։

Փառատոնի մեկնարկը տրվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, որտեղ ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանաատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի և մասնակցությամբ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ։ Հընթացս Սուրբ Պատարագի՝ Արժանապատիվ Տեր Տաթև քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ Արժանապատիվ Տեր Հայրերը եկեղեցում հավաքված հավատացյալներին հրավիրեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակ՝ մասնակից լինելու «Հայկական տոլմա» փառատոնին։

Չնայած հորդառատ անձրևին, եկեղեցու բակը մարդաշատ էր։ Այնտեղ էին հավաքվել ոչ միայն մասնակիցները, այլ նաև բազմաթիվ հյուրեր։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Հակոբ Չախմախչյանը։

Ներկա էին նաև Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի սաները՝ թեմի կրթական բաժնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և պարուսույցի ուղեկցությամբ։ Նախ Տեր Տաթև քահանան ներկայացրեց տոլմա պատրաստելու ավանդությունը, շնորհավորեց փառատոնի կապակցությամբ, ապա Արժանապատիվ Տեր Հայրերը օրհնեցին տոլման, որից հետո հյուրերը համտեսեցին այն։ Չնայած այն հանգամանքին, որ փառատոնն առաջին անգամ էր անցկացվում, բազմաթիվ տնային տնտեսուհիներ էին մասնակցում։

Փառատոնի բոլոր մասնակիցները Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից ստացան նվերներ ու շնորհակալագրեր։ Փառատոնն իրենց ելույթով զարդարեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Ջավախքի ձայներ» երգչախմբի սաները։

Փառատոնի ավարտին Տեր Տաթև քահանան հույս հայտնեց, որ փառատոնը շարունակական կլինի և հետագայում ավելի մեծ մասշտաբներ կընդգրկի, և բացի քաղաքի տնային տնտեսուհիների կմասնակցեն նաև գյուղական համայնքներից։ Փառատոնից հետո առաջնորդական փոխանորդության դահլիճում Հայարտուն կենտրոնի սաներն ու փոխանորդության «Զարթոնք» պարի խմբի սաները միասին պարեցին։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան