Նախատեսում ենք ստեղծել հակակոռուպցիոն մարմին՝ կանխարգելիչ, օպերատիվ-հետախուզական, քննչական գործառույթներով. Արտակ Զեյնալյան

Tert.am-Կառավարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին, որն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական և քննչական գործառույթներ:

Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովի ժամանակ ասաց արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը:

«Կուզենայի շեշտել, որ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու համար: Գործող ինստիտուցիոնալ համակարգին զուգընթաց՝ մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև հավակնոտ ռազմավարության մշակումը և իրականացումը»,– ասաց նա:

Նախարարը նշեց, որ ռազմավարությունն ուղղված է լինելու քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումը նվազագույնի հասցնելուն ու պարզեցնելուն, էլեկտրոնային գործիքների, թվային տեխնոլոգիաների, խնդիրների հաղթահարմանն ուղղված նորարարական լուծումներին:

«Միաժամանակ ռազմավարությունն ուղղված է լինելու պետություն- մասնավոր հատված համագործակցության սահմանմանը: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու կոռուպցիոն դեպքերի ցուցանիշի բարելավմանը»,-հավելեց Արտակ Զեյնալյանը: 

Անուշ Դաշտենց