Ավստրալիայի Ռայդ քաղաքը բանաձեւ ընդունել է բանաձեւ՝ ի սատարումն Արցախի անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր՝ մայիսի 22-ին, միաձայն ընդունել է բանաձեւ՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Բանաձեւում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը եւ ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։

Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւի թարգմանությունը.

Բանաձեւ

1․ Ռայդ քաղաքի Քաղաքային խորհուրդը  նշում է, որ 2018 թ․ լրանում է Արցախի ազատագրական շարժման 30-ամյակը, ինչը հանգեցրեց 1991 թ․Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության հռչակմանը։

2․ Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը․

ա) հաստատում է մարդու ինքնորոշման հիմնական իրավունքի եւ ազատ ու ժողովրդավարական հասարակության կարեւորությունը,

բ) ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաեւ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

գ) ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ եւ ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը։

դ) սատարում եւ խրախուսում է միջազգային հանրությունում Արցախի Հանրապետության ներգրավվածությունը՝ առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու եւ խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով,

ե) խրախուսում է Արցախի Հանրապետության հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդին մարդասիրական եւ տնտեսական աջակցության տրամադրումը, եւ

զ) կոչ է անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը եւ ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հետ։