Հայաստանի զարգացումը եւ կայունությունը խիստ կարեւոր է մեր երկրի համար. Վրաստանի վարչապետ

Խորհրդանշական է, որ 100 տարի առաջ Վրաստանը եւ Հայաստանը զուգահեռաբար հռչակեցին անկախություն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված ընդունելությանը:

«Այսօր Թբիլիսիում հուշատախտակի բացումը խորhրդանշում է այն ակունքները, որտեղից գալիս ենք: Հայ ժողովուրդը ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ հայտնում է վստահություն, ինչի համար ոտքի կանգնեց: Միջազգային հանրությունը, հետեւելով հայաստանյան իրադարձություններին, ողջունեց հայ ժողովրդի ցուցաբերած իմաստնությունը եւ ներքաղաքական հարցերը խաղաղ կարգավորելու կարողությունը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Հայաստանի հետագա զարգացման կայուն հիմք կդառնան: Հայաստանի զարգացումը եւ կայունությունը խիստ կարեւոր է մեր երկրի համար ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում: Կարծոuմ եմ, որ այս այցը մեր երկու երկրների միջեւ գործընկերության եւ բարիդրացիական հարաբերությունների վառ ապացույց է: Մեկ անգամ եւս ցանկանում եմ հավաստիացնել, որ Վրաստանի կառավարությունը, անձամբ ես պատրաստ ենք արգասաբեր համագործակցության: Հայաստանի վարչապետն այսօր այցելեց Թբիլիսիի հայկական եկեղեցի, պանթեոն, վաղը կլինի Հովհաննես Թումանյանի տուն գիտական մշակութային կենտրոնում: Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի վաստակը հայ-վրացական բարեկամության հարցում: Ինչպես նշում էր Թումանյանը՝ հայ եւ վրաց ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց հետ: Համարձակ կարելի է ասել, որ Թումանյանի անցած կյանքի ուղին հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է:

Գրականության եւ արվեստի մեջ դրսեւորված բարեկամությունը առանձնացնում է մեզ համաշխարհային մշակույթի քարտեզում: Իհարկե, երկկողմ հարաբերությունները միայն դարավոր անցյալի վրա չեն հիմնվում, մենք կարողացանք անցած 25 տարիների ընթացքում կառուցել վստահության վրա հիմնված միջպետական հարաբերություններ: Այս տարիների ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդվել են տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Մենք մտադիր չենք կանգ առնել ձեռքբերումների վրա: Հայաստանի վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի մեր հարաբերությունների զարգացմանը՝ ի բարoրություն մեր երկրների եւ ժողովուրդների»,- ասել է Կվիրիկաշվիլին:

news.am