Վարչապետի վաղվա այցը Ջավախք ցույց է տալիս երկու կառավարությունների ղեկավարների համագործակցության մտադրությունը. Զ. Մնացականյան (տեսանյութ)

tert.am-Վրաստանի և Հայաստանի իշխանությունների միջև ընթանում են ջերմ ու պրագմատիկ բանակցություններ:

Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի եթերում Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարի շրջանակներում տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գնահատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական երկօրյա այցը Վրաստան:

«Երկու վարչապետների կողմից հստակեցված  են երկկողմ օրակարգի շրջանակները: Այդ շրջանակներում նպատակ ունենք գնահատել ընթացիկ ծրագրերը, դրանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև այն հարցերը, որոնք կարող ենք ի հայտ բերել և մեր օրակարգում ընդգրկել»,- ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը խոսել է աբխազական երկաթգծի բացման հնարավորության մասին՝ ասելով, որ գործընթացը դեռևս ընթացքում է:

Վարչապետի վաղվա այցելությունը Ջավախք, ԱԳ նախարարի խոսքով, մեծ օրակարգի հարցերից մեկն է, և խորհրդանշանական է, որ երկու վարչապետները տրամադրված են միասին աշխատել:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված այն լուրերին, որ Ադրբեջանը սահմանին նոր հենակետեր է կառուցել՝ զբաղեցնելով գերիշխող դիրք, Մնացականյանն ասել է, որ իր և պաշտպանության նախարարի այցը Նախիջևանի դիրքեր կանխարգելիչ նպատակ ուներ:

«Նման հարցերը ուշադրության կենտրոնում են պաշտպանության նախարարության կողմից, մեր կողմից: Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Դա բացասաբար է ազդելու բանակցությունների վրա: Ցանկացած նման զարգացումից պետք է խուսափել: Մենք մտադիր ենք ներգրավված մնալ բանակցությունների մեջ, մտադիր ենք բանակցությունները վարել խաղաղ կարգավորման հասնելու համար, դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- շեշտել է Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ հայտարարությունները, որոնք պարբերաբար հնչում են Բաքվից,  խաղաղության մթնոլորտին չեն նպաստում: «Բանակցությունները չեն կարող ընթանալ մի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորտ: Չի կարող լինել մի բան, որը չի նպաստում բնականոն գործընթացին, իրական խաղաղության հաստատմանը»,- նշել է նա:

Հարցին՝ քննարկվում է արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը, նախարարը պատասխանել է. «Եկե՛ք չշտապենք: Ես հեռախոսազրույց եմ ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն այս գործընթացում: Սա շարունակվելու է: Մենք հաշվարկված քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումներ կլինեն, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, խոսում եմ շաբաթների մասին»:

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ հայկական կողմը մտադիր է անել այն, ինչ մինչև հիմա արվել է: «Մենք խոսել ենք շարունակականության մասին, խաղաղ բանակցությունների միջոցով մնայուն խաղաղություն ապահովելու մասին: Մենք մտադիր ենք անել այն, ինչ մինչև հիմա արվել է»,- ասել է նա: