ՀՀ կառավարության անդամների մասնակցությամբ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան բացվեց Ախալքալաք քաղաքում

2018թ. մայիսի 31-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին նաև մայիսի 30-31-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կառավարության անդամները:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախագահ Սոս Սահակյանը, գործադիր վարչությունը և Հոգաբարձուների խորհրդի անդամներ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմը գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, ԱրՄաթ-Ախալքալաքի բարերար Ավետիս Բալոյանը,  բազմաթիվ գործարարներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի մայրաքաղաքներից և այլ շրջաններից, լաբորատորիայի սաներ և բազմաթիվ ախալքալաքցիներ:

Ախալքալաքի «ԱրՄաթ» լաբորատորիայում արդեն գրանցվել է շուրջ 160 երեխա, որոնցից 115-ը հաճախում է խմբակի դասընթացներին: Լաբորատորիա-խմբակում աշակերտները ստանում են ծրագրավորման, ժամանակակից ինժեներության և ռոբոտաշինության գիտելիքներ ու հմտություններ: «ԱրՄաթը» միևնույն ժամանակ ինքնազարգացման և ոչ ֆորմալ կրթության նորարարական հարթակ է: Այն նպաստում է համայնքի տնտեսական զարգացմանը ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավման միջոցով, ինչպես նաև դպրոցական կրթությանը զուգահեռ երեխաներին հնարավորություն ընձեռնում ձեռքբերել ժամանակակից մասնագիտություն:

Ջավախքին աջակցություն» հիմնադրամ