Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Այսօր Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար օրը իսկական տոն էր դարձել :
Հեքիաթների հերոսները պատահական հյուր գնացին տարրական դասարաններ՝ նվիրելով քաղցրավենիքներ և փուչիկներ: Այնուհետև դպրոցի բակում տեղի ունեցավ համերգային ծրագիր, որի ժամանակ փոքրիկները հանդես եկան երգ ու պարով :
Հունիսի 1-ը մեծ շուքով նշվեց նաև Ախալքալաքի Բեժանո գյուղի գյուղական ակումբում: Երեխաների օրը տոն դարձնելու համար <<Բեժանո>> պարային խմբի ղեկավար Յուրա Յայլոյանը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում:
Միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես եկան հայկական և վրացական պարային կատարումներով, երգերով և արտասանություններով: Բեժանո գյուղում առաջին անգամ էր կազմակերպվել նմանատիպ միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան և աննկարագրելի էր մասնակիցների ուրախությունն ու ոգևորվածությունը:Այդ առիթով միջոցառման ավարտին հաջողություն ու եռանդ մաղթելով կազմակերպչին ՝շնորհակալական խոսքերով հանդես եկան երեխաների ծնողները:
Փոքրիկների օրն անմոռանալի դարձնելու համար միջոցառում էր կազմակերպվել նաև Ախալքալաքի մշակույթի տանը:
Սերինե Յայլախանյան