Հայ-վրացական ջերմ հարաբերությունները կարող են նվազեցնել թուրքական գործոնը տարածաշրջանում՝ ինչը բխում է Ռուսաստանի շահերից

Hayacq.com-Հայացք մամուլի ակումբում «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը և Ջավախք բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը խոսեցին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի և հայ-վրացական հարաբերությունների մասին:

Ըստ Հրանտ Միքայելյանի, վերջին օրերին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Վրաստան շատ կարևոր էին, քանի որ նոր որակի են հասնում հայ-վրացական հարաբերությունները. «Այս այցերը  շատ կարևոր էին նաև Վրաստանի համար, քանի որ Վրաստանը, այս պահին, փնտրում է ուղիներ՝ թեթևացնելու թուրք-ադրբեջանական ճնշման դերը: Նրանց ազդեցությունը Վրաստանի վրա շատ բարձր է և աճում է: Վրաստանը այն կարող է բալանսավորել հենց Հայաստանի մասնակցությամբ՝ Հայաստանի հետ հարաբերություններ խորացնելով, նաև Ռուսաստանի հետ հարաբերություններ լավացնելով ուզում է տնտեսական առաջընթաց գրանցել, քանի որ այս պահի դրությամբ Վրաստանում տնտեսությունը բավականին դանդաղ է զարգանում և բնակչության կողմից բավականին դժգոհություններ կան:

Ինչ վերաբերվում է Ջավախք այցին, ապա Նիկոլ Փաշինյանը կարողացավ կիրառել բնակչության հետ ազատ շփվելու իր ունակությունները: Շատ կարևոր էր նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ինքնության հանդեպ հարգանքի վերաբերյալ: Վրաստանում հայերի հանդեպ ասիմիլացիոն քաղաքականություն է իրականացվում: Նիկոլ  Փաշինյանը դա շատ լավ հասկանում է և կփորձի այն կասեցնել, փոխարենը՝ ուժեղացնել մշակութային քաղաքականությունը»,- ասաց քաղաքագետը:

Արտյուշ Գրիգորյանն էլ նշեց, որ այս այցելությունները աննախադեպ էին և՛ այցելության ֆորմատով, և՛ մաշտաբներով  և այն ընդունելությամբ, որը տեղի ունեցավ այս օրերին. «Նիկոլ Փաշինյանը Վրաստանում արժանացավ բարձր մակարդակի ընդունելության, որից հետո հետևեց կարևոր քայլ՝ այցելություն Ջավախք: Հատկանշական էր նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ջավախք խորհրդանշական, ձևական բնույթ չէր կրում: Նա բավականին անկեղծ շփում ունեցավ ջավախահայերի հետ: Ինչպես նաև, ՀՀ վարչապետը, երեք կարևոր միտք և դիրքորոշում հնչեցրեց՝ այն է Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների անկյունաքարը պետք է լինի փոխադարձ ինքնության հարգանքը,  Հայաստանի և Վրաստանի ժողովուրդներն ու կառավարությունները պետք է համոզված լինեն, որ երկու պետությունների ու ժողովուրդների գործողություններում, հարևան երկրի հանդեպ, որևէ դավադրություն չկա և երրորդը՝ Հայաստանը և Վրաստանը իրենց հարաբերությունները կառուցելիս պետք է մաքսիմում բացառեն երրորդ երկրների անհարկի միջամտությունները:Երեքն էլ շատ կարևոր դիրքորոշումներ են»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:

Նա նաև անդրադարձավ այն փաստին, թե ինչո՞ւ նախկինում նման այցելություններ քիչ են եղել կամ գրեթե չեն եղել. «Հատկապես Վրաստանի նախորդ իշխանությունների պաշտոնավարման ժամանակահատվածում Հայաստանի և Վրաստանի միջև անվստահության գործոնը կարելի է ասել հասել էր մաքսիմումի: Նախորդ իշխանությունները վարում էին քաղաքականություն, որը դեմ էր հայապահպանությանը, իսկ Հայաստանից այցելություները Ջավախք դիտարկվում էին այլ կերպ: Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանություների մոտ չի եղել բավարար կամք, տրամադրվածություն, հայ-վրացական հարաբերություններին անկեղծ հայացքով նայելու, առկա խնդիրները անկեղծորեն քննարկելու և փորձելու լուծումներ տալ:

Հիմա վիճակը փոխվել է դեպի դրականը, ՀՀ ներկա իշխանությունները պատրաստակամություն են հայտնում բոլոր խնդիրներին ուղիղ նայելու, պարզ և անկեղծ միջավայրում քննարկելու բոլոր հարցերը»,-նկատեց Արտյուշ Գրիգորյանը:

Ինչ վերաբերվում է նախկինից դեռ մնացած Ջավախքում առկա խնդիրներին՝ մայրենի լեզվի, հայատառ գրականության արգելքի, նաև սև ցուցակի հարցերին Արտյուշ Գրիգորյանը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում դրանց անդրադարձ կկատարվի. «Մենք հույս ունենք, որ հատկապես դպրոցներում հայոց լեզվի և գրականության, և շատ այլ կնճռոտ հարցեր, որոնք գալիս են նախորդ իշխանությունների գործելաոճից, ժամանակի ընթացքում իրենց լուծումները կստանան: Բնականաբար դրանք մի օրում չեն առաջացել և մի օրում էլ չեն լուծվելու: Շարունակել արգելել դասագրքերը կամ հայատառ գրականությունը իմաստազուրկ է, առավել ևս այս տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի պարագայում: Այն երկկողմ հարաբերությունների մակարդակի ֆոնին, որ հիմա է նախանշվում անթույլատրելի է այդ հարցերի չլուծված լինելը: Առայժմ գործում է նաև սև ցուցակ հասկացողությունը՝ բազմաթիվ մարդկանց մուտքը  արգելվում է Վրաստան», ասաց բանախոսը:

Անդրադառնալով Ռուսաստանի մոտեցմանը հայ-վրացական ջերմացող հարաբերություններին, բանախոսները նշեցին որ Ռուսաստանը այդ հարաբերություններին խանդով չի նայի, քանի որ Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանը և Վրաստանը ունեն խոր հարաբերությունների կարիք, որպեսզի տնտեսապես զարգանան և Ռուսաստանը ուզում է կապ ունենալ Հայաստանի հետ, որը միայն հնարավոր է Վրաստանի միջոցով: Հայաստան-Վրաստան այս հարաբերությունները, Ռուսաստանին հնարավորություն կտան Վրաստանի հետ հարաբերությունները խորոցելու և տարածաշրջանում իր դիրքերն ավելի ամրապնդելու: Ինչպես նաև, հայ-վրացական ջերմ հարաբերությունները կարող են նվազեցնել թուրքական գործոնը տարածաշրջանում՝ ինչը բխում է Ռուսաստանի շահերից: