Ծղալթբիլեցիները պահանջում են փոխհատուցում

Մայիսի 22-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում, ինչպես եւ արդեն տեղեկացրել էինք, տեղի էր ունեցել բնական աղետ։ Ուժեղ անձրեւի պատճառով առաջացած կործանարար սելավը, որը իր հետ լեռներից բերել էր բազմաթիվ քարեր, իր ճանապարհին սրբել տարել էր բազմաթիվ ծառեր ու գյուղական արտեր։ Աղետաբեր սելավի պատճառով հարյուրավոր ընտանիքներ այժմ մնացել են առանց բերքի ու մրգատու ծառերի եւ նրանց հողատարածքների տեղում ներկա պահին քարեր են ու շրջված ծառեր։

Գյուղացիների խոսքերից պարզ է դառնում, որ անցյալ տարի կաթոլիկական բարեգործական «Caritas» կազմակերպությունը Ծղալթբիլայի լեռներում վերականգնել է գյուղի հողատարածքների ոռոգման համար նախատեսված մի լիճ, որը լցրել է ջրով եւ հողով նրա շուրջ կառուցել դամբա: Մարդկանց խոսքերով՝ կիսատ թողնված աշխատանքները, որոնք չեն իրականացվել պատշաճ մակարդակով դարձել են աղետի պատճառ։

«Caritas-ը մեր լեռներում անցյալ տարի սկսեց վերականգնել լիճը, որը նախատեսված էր մեր արտերը ջրելու համար։ Քանի, որ աշխատանքները չէին իրականացվել պատշաճ մակարդակով եւ հաշվի չէին առնվել բազմաթիվ  խնդիրներ, որոնք կարող էին առաջանալ անձրեւի ժամանակ, մենք կանգնեցինք աղետի առջեւ։ Մայիսի 22-ին ուժեղ անձրեւի հետեւանքով լճի դամբան  փլվեց եւ տոննաներով ջուրը մեծ քարեր ու ծառեր իր հետ բերեց լցրեց մեր հողատարածքները»,-ասում է Ծղալթբիլա գյուղի բնակչը եւ նեղսրտում, որ իրենց Վարդապետը աղետից տուժածներին որպես օգնություն մակարոն եւ դեղորայք է առաջարկում։

«Աղետի առաջին իսկ ժամերից քաղաքապետարանի աշխատակիցները Ծղալթբիլայում էին եւ մենք հատուկ տեխնիկայի միջոցով մաքրում էինք ճանապարհները ու գյուղացիների հողատարածքները եւ բացում ջրի համար ճանապարհ։ Քաղաքապետարանը մինչեւ հիմա իրականացնում է ենթակառուցվածքների վերականգնման գործընթաց, որի ընթացքում վերականգնվել է երեք վնասված կամուրջ»,-ասում է Ախալցխայի փոխքաղաքապետ Ռուբեն Կարապետյանը։ Մեր հարցին, թե հնարավոր է քաղաքապետարանը աղետից տուժած քաղաքացիներին հատկացնի փոխհատուցում, Ռուբեն Կարապետյանը տվեց բացասական պատասխան պարզաբանելով, որ իրենք միայն իրականացնում են ենթակառուցվածքների վերանորոգման գործընթաց, իսկ ինչ վերաբերվում է փոխհատուցման, ապա պետք է նախ գյուղացիները հատուկ կազմակերպության միջոցով ապահովագրեին իրենց գյուղատնտեսությունը, ինչը այս պարագայում հնարավորություն կտար պահանջելու համապատասխան փոխհատուցում, պարզաբանեց Կարապետյանը։

Ծղալթբիլայի բնակիչները իրենց հերթին կասկած են հայտնում ծախսված գումարների էֆեկտիվության վերաբերյալ։

Նրանց խոսքերով՝ այդ երեք կամուրջներ կոչվածը, որոնց յուրաքանչյուրի համար քաղաքապետարանը հայտարարում է, որ ծախսել է 50 000 լարի իրականում կամուրջներ չեն այլ ջուրն անցնելու ճանապարհներ, որոնք հողով ու քարերով են լցվել հատուկ տեխնիկայի միջոցով։

«Ժայռն են քանդել տրակտորի միջոցով եւ լցրել ճանապարհի վրա ու հետո ուղղել ճանապարհները։ Որոշ տեղերում միայն հող են հեռացրել։ Ինչի՞ն են ծախսել 50 000 լարի ամեն ջրանցումին չեմ հասկանում»,-ասում է Ծղալթբիլայի բնակիչը ավելացնելով, որ մեծ անձրեւի ժամանակ կրկին ոչ կապիտալ վերանորոգված ջրանցումները հայտնվելու են նույն վիճակում։ Նրանց խոսքերով՝ 50 000 լարիով կարելի էր կառուցել իսկական կամուրջներ, որոնք կդիմանային նմանատիպ աղետներին։

Ծղալթբիլայի գյուղապետ Հովսեփ Մելքոնյանի խոսքերով՝ աղետից հետո քաղաքապետարանի կողմից հատկացված հատուկ տեխնիկան իրականացրել եւ իրականացնում է մեծ աշխատանք աղետի հետեւանքները հաղթահարելու համար։ «Մենք արտերի մի մասից հանել ենք տոննաներով ավազ ու քար ու վերականգնել ջրի բնականոն հունը։ Այժմ մնացել են բազմաթիվ արտեր, որտեղ եւս իրականացվելու են նմանատիպ աշխատանքներ»,-ասում է գյուղապետը։

Մեր հարցին, թե քարերից ու ավազից արտերը մաքրելուց հետո այնտեղի առաջացած փոսի մեջ պատրաստվում են արդյուք լցնել մշակելի հող, որպեսզի գյուղացիները հաջորդ տարի կրկին ցանքսի համար կարողանան օգտագործել իրենց արտերը, գյուղապետ Հովսեփ Մելքոնյանը դժվարացավ հստակ պատասխան տալ։

Աղետի հետ կապված գյուղացիների հիմնական բողոքը այնուամենայնիվ ուղղված է Caritas կազմակերպությանը, որի պատճառով էլ, ինչպես համարում են ծղալթբիլեցիները, տեղի է ունեցել մայիսի 22-ի բնական աղետը։ Գյուղացիները Caritas-ից պահանջում են լիարժեք փոխհատուցում մերժելով տեղի վարդապետի առաջարկը օգնել տուժածներին մակարոնով ու դեղորայքով։