Վիրահայոց թեմի առաջնորդը Թանդոյանց եկեղեցու խնդրով հանդիպում է ունեցել Իլիա 2-րդի հետ. գործը դատարանում է, սակայն որոշել են ևս մեկ անգամ վերանայել մոտեցումները

Tert.am-Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրախանյանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում հանդիպել է Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

Հանդիպման օրակարգում եղել է Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու կամ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն Էկոնոմիկայի նախարարությանը վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան:

-Սրբազա՛ն Հայր, Դուք հանդիպում եք ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Ի՞նչ հարցեր էին օրակարգում, և արդյոք անդրադարձ եղա՞վ Թանդոյանց եկեղեցուն, որին նախկին կարգավիճակին վերադարձնելու համար Թբիլիսիի քաղաքային դատարան Վիրահայոց թեմը հայց է ներկայացրել:

-Վրաց պատրիարքարանում մեզ շատ ջերմ ընդունեցին, ներկա էր նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը, ներկա էին նաև այլ հոգևորականներ և պաշտոնյաներ:

Առաջին հերթին մենք մեր բարեկամության հավաստիքը հայտնեցինք Վրաց պատրիարքին՝ մեկ անգամ ևս շեշտելով երկու քրիստոնեական եկեղեցիների համագործակցության փաստը, որովհետև մեր երկու եկեղեցիների արժեհամակարգի դեմ բազմաթիվ մարտահրավերներ կան, և մենք միասին աշխատելու տեղ ունենք: Վրաց պատրիարքը շատ մեծ կարևորություն է տալիս հայ եկեղեցուն՝ որպես քրիստոնեական արժեքներով ապրող հաստատության: Այդ հանդիպմանը, բնականաբար, անդրադարձանք նաև Թանդոյանց եկեղեցու խնդրին և որոշեցինք, որ ավելի նախընտրելի է՝ դատական գործընթացների փոխարեն մենք նորից վերանայենք խնդրի շուրջ մեր դիրքորոշումները և հարցին լուծում գտնենք: Պատրիարքն իր օրհնությունը տվեց և հանձնարարեց, որ պատրիարքարանում կրկին հանդիպում տեղի ունենա, և մենք կարողանանք այդ հարցին լուծում տալ: Միևնույնն է, բոլորը գիտեն այդ եկեղեցու՝ հայկական լինելու փաստերի մասին, և ուղղակի պետք է այնպես անել, որ երկու կողմին էլ բավարարող ընդհանուր լուծում գտնենք:

Կարծում եմ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում կլինի այդ հանդիպումը, և մենք կխոսենք այդ հարցի շուրջ: Իսկ ընդհանրապես շատ դրական վերաբերմունք էր Վրաց պատրիարքի կողմից. նա նաև խնդրեց, որ իր բարեմաղթանքներն ու եղբայրական սերը փոխանցեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

— Սրբազա՛ն Հայր, վերջերս Վրաստան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ նշանակություն եք տալիս այցին. ի՞նչ արդյունք կտա այն:

— ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը շատ կարևոր էր ոչ միայն հայ-վրացական միջպետական հարաբերությունների, այլ նաև՝ Վրաստանում ապրող հայերի համար: Առանցքային եղավ պարոն Փաշինյանի այցը Ջավախք՝ հայաբնակ գյուղեր, որտեղ նրան դիմավորեցին ոչ միայն տեղական իշխանության մարմինները, այլ նաև ժողովուրդը՝ մեծ ոգևորությամբ: Սա շատ առանցքային ու կարևոր այց էր, հատուկ մոտեցում ուներ նաև վրացական կողմը, և արվել էր ամեն ինչ, որ այցը և՛ հաջողվի, և՛ հնարավորություն էր տրված, որ Փաշինյանը շփվի ժողովրդի հետ, տեղեկանա այն հարցերին, որոնք մտահոգում են ժողովրդին: Ինչպես տեղեկացանք, պարոն Փաշինյանը շատ մեծ տեղ է տալիս մեր երկու ժողովուրդների քրիստոնեական եկեղեցիների փոխհարաբերություններին, որոնք եղել են դարերով և պետք է շարունակվեն, որովհետև դա պատմության անուղղակի թելադրանքն է եղբայրական ընթացքը շարունակելու համար:

-Սրբազա՛ն Հայր, Հայաստանում բողոքի ակցիաներ են ընթանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, պահանջում են նրա հրաժարականը, կազմակերպիչների մեջ նաև կարգալույծ հռչակվածներ կան: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

-Ես մեծ ցավով եմ հետևում այդ իրադարձություններին և մտածում եմ, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները պետք է անսան Նորին Սրբության հորդորներին, որպեսզի կարողանան գտնել նոր լուծումներ, որովհետև հստակ այդպիսի պահանջ դնելը աղերս չունի մեր իրականության հետ: Հարկավոր է ոչ թե կտրուկ պահանջներ դնել, այլ ցանկություն հայտնել, բանակցել Էջմիածնի ծրագրերի վերաբերյալ: Հարկավոր է, որ մեր հոգևոր եղբայրը և նաև նրանք, ովքեր կանգնած են այդ շարժման կողքին, մեկ անգամ ևս իրենց մոտեցումները վերանայեն, որպեսզի դրական լուծումներ գտնեն:

Բեթղեհեմ Արաբյան