ՀՀ պետականության վերականգման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքում

Հայաստանի Հանրապետության պետականության վերականգման 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շրջանակներում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում, տեղի ունեցավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի և Ջավախքի ձայներ երգչախմբի համատեղ միջոցառումը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության պետականության վերականգման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին։

Միջոցառմանը իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ներկա էին նաև Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և բազմաթիվ հյուրեր: Միջոցառման հիմքում ընկած էր մայիսյան հերոսամարտերին հայ հոգևորականության մասնակցության կարևոր շեշտադրումը: Երեխաները հատ առ հատ ներկայացրեցին հոգևորականների և իրենց ղեկավարած ջոկատների մեծ դերն ու նշանակությունը տարած հաղթանակներում: Հավարտ միջոցառման՝ օրհնության խոսքով հանդես եկավ Գերաշնորհ Սրբազան Հայրը՝ իր գնահատանքը բերելով կիրակնօրյա դպրոցի և երգչախմբի ղեկավար-մանկավարժներին ու սաներին նման ուսուցողական և գեղեցիկ միջոցառում անցկացնելու համար։


Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլե դիվան