Դեսպան Սադոյանը չանախչեցիներին հորդորել է հաճախ այցելել դեսպանատուն՝ թեկուզ սուրճ խմելու

Aliq.ge-Վրաստանում ՀՀ դեսպանՌուբեն Սադոյանը Մարնեուլիի տարածաշրջան այցի շրջանակներում այցելել է սահմանամերձ Չանախչի: Գյուղի բնակիչները ծափողջույններով են դիմավորել ու ճանապարհել դեսպանին: Այստեղ ևս, ինչպես Աղքյորփիում, դեսպանը հաստատում է՝  նման ճանապարհների պարագայում ապրելն ու աշխատելը գրեթե անհնար է, գյուղի բնականոն գործունեությունը խաթարվում է:

Որպես օրինակ բերում է առաջին բուժօգնության դեպքում առաջացող խոչնդոտները: Դեսպանը տեղեկացրեց, որ ճանապարհների վերանորոգման գործընթաց է սկսվել, ամեն ինչ հստակեցված է վրացական իշխանությունների հետ նաև, ինքն էլ իր հերթին հետևողական կլինի, որպեսզի գոնե մինչև տարեվերջ ինչ-որ կերպ լուծումներ գտնվեն:

Բնակիչներից մեկը խոսել է նաև սահմանի խնդիրներից, մասնավորապես անցակետի բացակայությունից: Աղքյորփիում գործող անցակետը չի արդարացնում իրեն՝ նույն՝ քարուքանդ ճանապարհի պատճառով: Օրինակ՝ Հարևան հայկական Ջիլիզա գյուղ հասնելու համար, որտեղ չանախչեցիները բազմաթիվ հարազատներ, բարեկամներ ու ընկերներ ունեն, ուրախության կամ տխրության առիթների դեպքում երկու կմ ոտքի ճանապարհի փոխարեն 80 կմ են կտրում-անցնում: Մեկ այլ օրինակ՝ խոշոր եղջերավորները հեռանում են գյուղի տարածքից, ետ բերելու համար գյուղացին հայ սահմանապահի հետ է խնդիր ունենում: Դեսպանն ասել է, որ պետական սահմանի հետ գործ ունենք, հարցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, և որ տեղում հարցի պատասխանը չի տա:

Գյուղացիներից մեկն էլ ասաց, որ սեփականության գրանցման դեպքում լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Գյուղի փաստացի ողջ բնակչությունը չի կարողանում որպես սեփականություն ձևակերպել այն տները, որտեղ ապրում են: Խնդիրը խորհրդային տարիներից է գալիս: Մարդիկ վստահեցնում են, որ դիմել են ռեեստրի ծառայություն, նույնիսկ գումար են վճարել, ինչին հակադարձում է Մարնեուլիի շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն՝ վճարումներ կատարվել են մասնավոր ընկերությանը, իսկ պետական գրանցման ծառայությունն անվճար է և հնարավոր: Պարզապես իր ժամանակին գյուղացիները չեն վերաձևակերպել սեփականությունը. «Եկեք քաղաքապետարան, ես հնարավորության դեպքում կաջակցեմ, ես ձեր կողքին եմ»,-ասել է Տաբատաձեն:

Դեսպանն իր հերթին խոստանում է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, դրանց չլուծվելու դեպքում ուղիղ կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատուն:

Վրաց ղեկավարը հորդորում է առավել նախաձեռնող լինել, քանի որ շրջանային բյուջեն կազմվում է նաև գյուղերից եկած առաջարկների հիմքով, և խնդիրների լուծման համար սա պակաս կարևոր չէ: Օրինակ գյուղում բուժկենտրոնի բացակայության պատճառով առողջական խնդիրներ ունեցողները ստիպված են Մարնեուլի հասնել: Դեսպանը գյուղացիների հետ համակարծիք է. անընդունելի է, որ Չանախչիում բուժկետ չի գործում:

Դպրոցի շենքի բացակայության պարագայում դեսպանն առաջարկում է, որ աշակերտները սովորեն հարևան Աղքյորփիի դպրոցում: Այս տեսակետը Չանախչիի բնակիչները չեն կիսում: Կրթօջախը գործում է, կայացած է, խնդիրը միայն շենքի բացակայությունն է: Գյուղում դպրոցի  շենք ունենալու հարցը տարբեր ատյաններում ու պետական մակարդակներում քննարկվել է, խոստումներ եղել են: Բնակիչները հորդորում են, որ դեսպանն իր հերթին փորձի նպաստել շինարարությունը օր առաջ սկսելու գործին: Դեսպանի առաջարկով դպրոցի տնօրենն առաջիկա աշխատանքային օրերին կլինի ՀՀ դեսպանատանը՝ կոնկրետ առաջարկություն ու ծրագիր կազմելու նպատակով:

Դեսպանը գյուղում ինտերնետ կապի բացակայությունը ինչ-որ չափով օբյեկտիվ խնդիր է համարում, քանի որ մասնավոր ընկերությունները նպատակահարմար և շահավետ չեն համարում տեղում ցանց անցկացնելը՝ երկար ճանապարհի, ու քիչ բնակչության պատճառով: Սա չի նշանակում, որ խնդրի մասին մտածելու կարիք չկա:

Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը հուսադրում է՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ամենացավոտ՝ ճանապարհների հարցը լուծում ստանալու ճանապարհին է: Որպես օրինակ բերում է Շահումյանը, որտեղ  ամիսներ առաջ սկսվեց մի քանի կմ ճանապարհի վերանորոգումը: