Ջավախքում վերաօծվեց հերթական հայոց եկեղեցին

2018 թվականի հուլիսի 1-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց 1865 թվականին կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին:

Եկեղեցու առաջին վերանորոգությունը կատարվել է դեռևս անցյալ դարի 90-ական թվականների վերջերին, տեղացի Ստեփան Ուզունյանի բարերարությամբ:  Տարիներ անց   գյուղի բնակչությունը բավարար չնկատելով եղած վերանորոգությունը, միավորվեց և բարերարներ Ստեփան IMG 5069Ուզունյանի, Ղազար Միրանյանի և համայնքի ուժերով ամբողջությամբ վերանորոգեց տաճարը, բարեկարգեց եկեղեցու շրջապատը, պատրաստեց հայկական զարդանախշերով հարուստ Սուրբ սեղան և առավել փառավոր տեսք տվեց Սուրբ Երրորդություն եկեղեցուն:

Թեմակալ առաջնորդին և հոգևոր սպասավորներին գյուղի բնակչությունը դիմավորեց գյուղի կենտրոնում՝ դհոլ-զուռնայով և ավանդական աղ ու հացով:
Ամենուր տիրում էր տոնական տրամադրություն, գյուղացիները հավաքվել էին եկեղեցու բակում, որտեղ գյուղի հարգարժան այրերից Սարգիս Ուզունյանը ներկաներին ողջունեց և ներկայացրեց Կուլիկամ IMG 4863գյուղի պատմությունը:
Այնուհետև նախագահությամբ Թեմակալ առաջնորդի, մասնակցությամբ Ախալքալաքի Սուրբ խաչ և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, ընկերակցությամբ Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կատարվեց եկեղեցու վերաօծման արարողությունը:  Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները, հյուրեր  տարբեր շրջաններից ու գյուղերից, ինչպես նաև Հայաստանից:
Նորաբաց  և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանը: IMG 5087Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը և ջերմ բարեմաղթանքները, շնորհավորեց Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծման առիթով և մաղթեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միշտ լուսավոր և հավատավոր  պահի այս խնդրակատար Աստծու Տունը Կուլիկամ գյուղում: Սրբազանը իր գնահատանքը բերեց և օրհնությունը հղեց եկեղեցու վերակառուցման աշխատանքների բոլոր մասնակիցներին՝ շինարարներին, վարպետներին, բարերարներին և մյուս հայորդիներին: Սուրբ Պատարագն ավարտվեց IMG 5084Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Հավարտ Սբ. Պատարագի ներկաները տեղափոխվեցին գյուղի հրապարակ, որտեղ կատարվեց ՀՀ Ստեփանավանի բնակիչ  կուլիկամցիների ընտանիքում ծնված և 1992 թվականին Արցախում զոհված Արթուր Ղարիբյանի  հուշաքարի բացումը, կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որին  ներկա էին զոհված երիտասարդի ազատամարտիկ ընկերները:
Այնուհետև ծայր առավ մշակութային միջոցառումը, որի համերգային ծրագրում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ժողովրդական և ազգագրական երգ ու պար  տեղի և Հայաստանից ժամանած շնորհալի կատարողների,  ինչպես նաև  Հայաստանից ժամանած ազատամարտիկների մասնակցությամբ:
Տոնական օրվա ավարտին նորաբաց հանդիսությունների սրահում կատարվեց  մատաղի օրհնություն և հյուրասիրություն:

Կուլիկամը Ախալքալաքի շրջանի  հայաբնակ գյուղերից է:  Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ:  Բնակիչների նախնիները  եկել են 1830 թվականին Էրզրումի վիլայեթի Անկարիչ գյուղից: Գյուղն ունեցել է իր եկեղեցին, որին կից գործել է  ծխական ուսումնարան: