Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի պայծառակերպության օրը՝ Վարդավառը։ Այն առքելական եկեղոցու 5 տաղավար տոներից մեկն է։ Նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի ժողովրդական Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական «var-ջուր և arr– ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։

Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։

Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից է, որի ծեսերը մասամբ նվիրված են բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերում են հասկեր, խնդրում, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից, ծառերի դալար ոստերով զարդարում են տները, ծաղկեփնջեր նվիրում միմյանց, աղավնիներ թռցնում, կազմակերպում ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարում են անասունների ճակատները»։