«Ջիվանու օր» տոնակատարությունը՝ անզուգական հնչյուններով և նոր երանգներով

2018թ. հուլիսի 7-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվեց Ջավախքի մշակութային օրացույցում արդեն ավանդույթ դարձած և ամենասպասված տոներից մեկը՝ Ջիվանու օրը:

Տոնակատարությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամներ, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, ջիվանասերներ և կարզախցիներ:

Այս տարի միջոցառումը կազմակերպվեց Ախալքալաքի տեղական իշխանությունների և ՋԱՀ-ի հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ:

«Ջիվանու օր» տոնակատարությունն իր անզուգական կատարումներով գեղեցկացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր, ինչպես նաև իր կատարումներով հանդես եկավ մեր ժամանակների սիրված Աշուղ Լեյլին: Համերգային ծրագրում ելույթ ունեցան նաև Կարզախի «Ջիվանու» անվան պարի անսամբլը, «Ջավախք» ժողովրդական երգի-պարի անսամբլը, Դամալա գյուղի պարի համույթը, Մյունխենի «Անուշ» պարախումբը, ժողովրդական երգիչ Արմեն Մկոյանը և այլ կատարողներ:

«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի, Գերմանիայից Հայաստան ժամանած Մյունխենի «Անուշ» պարախմբի և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երիտասարդ երաժիշտների մասնակցությունը տոնակատարությանը ապահովել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:

ՋԱՀ-ը շարունակելու է ընդլայնել Ջավախքում մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու աջակցումը:

Jah.am