Վարդավառի տոնը Ախալցխայի շրջանի Նաոխրեբ գյուղում

Հուլիսի 8-ին Ախալցխայի շրջանի Նաոխրեբ գյուղում երկակի տոն է, և ինչպես յուրաքանչյուր հավատավոր ժողովուրդ, այնպես էլ նաոխրեբցիները մեծ հավատով և շուքով նշեցին՝ նախ «Քրիստոսի Պայծառակերպության», ապա Նաոխրեբի Սուրբ Փրկիչ եկեղեցու օրը։

«Քրիստոսի Պայծառակերպության» տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով, որը նշվում է Զատիկից 14 շաբաթ (98 օր) անց։ Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը՝ Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։

Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։

Նաոխրեբի Սուրբ Փրկիչ եկեղեցին, որը կառուցվել է 1861, վերակառուցվել՝1886թթ.-ին, սկսած 2009թ.-ից յուրաքանչյուր տարի ՝ Վարդավառի օրը, նշում է որպես Սուրբ Փրկիչ եկեղեցու օր։ Եկեղեցին ՝ քահանա տեր Պողոս Գրիգորյանի առաջնորդությամբ, ունի բազմաթիվ հավատավոր հետևորդներ, որոնք չեն անտեսում ոչ մի կրոնական տոն։

 

Իսկուհի Մուրադյան