Akhaltskha.Net -ը արդեն 10 տարեկան է

2008 թվականին հիմնադրվել է Akhaltskha.Net լրատվական կայքը։ 10 տարի առաջ Սամցխե-Ջավախքում տեղեկատվական ծարավ էր, եւ ժողովուրդը կարիք ուներ արագ, օբյեկտիվ ու մատչելի տեղեկատվության աղբյուր ունենալու։ Այդ նպատակով Ախալցխայում ստեղծվեց քաղաքի միակ լրատվական կայքը՝ Akhaltskha.Net–ը։ Սկզբնական փուլում լրատվական կայքէջը գործում էր սիրողական մակարդակով, որը կամաց-կամաց փոխարինվեց պրոֆեսիոնալ աշխատանքով։ Կայքի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ ծնունդով ախալքալաքցի լրագրող Քրիստինե Աղալարյանը, ով իր անձնական փորձի միջոցով նպաստեց լրատվամիջոցի կայացմանը ու զարգացմանը։

Մինչեւ 2011 թվականը լրատվական կայքը չուներ ոչ մի հովանավոր եւ գործում էր կամավորության սկզբունքով, ինչը չեր տալիս հնարավորություն լիարժեք զարգանալու։ 2011 թվականին ՀՀ սփյուռքի նախարարությունը որոշում կայացրեց ֆինանսական օժանդակություն ցուցաբերել լրատվական կայքէջին։ Դա հնարավորություն տվեց աշխատանքի ընդունել մի քանի լրագրողի։ Սակայն 2016 թվականի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացվեց քաղաքականացված ապազգային որոշում, որի հիման վրա դադարեցվեց Akhaltskha.Net կայքի ֆինանսական աջակցությունը։ Այդ ամենը տեղի ունեցավ կայքի գլխավոր խմբագիր՝ Էդուարդ Այվազյանի քաղաքական հայացքների պատճառով, ով չեր թաքցնում իր հայացքները Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմի վերաբերյալ, ինչը չեր կարող դուր գալ սփյուռքի նախարարությունում մինչեւ օրս աշխատող նախկին իշխանության հավատարիմ մարդկանց։

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Akhaltskha.Net-ին ֆինանսական աջակցության տրամադրման դադարեցումը վտանգի տակ դրեց հայալեզու միակ կայքի գործունեությունը Ախալցխայում։  Սակայն անսպասելի կերպով լրատվամիջոցին իրենց համեստ աջակցության ձեռքը մեկնեցին ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ ակումբը, ՍՄՆ-ի հայ գրողների միությունը եւ Արցախյան վետերանների «Հայդուկ» միությունը։ Եւ այդ ամենը կազմակերպեց Արցախյան ազատամարտիկ ծնունդով ախալցխացի Էդուարդ Էնֆիաջանը իր ընկերների հետ միասին։ Շնորհիվ այդ փոքրիկ միջոցների Ախալցխայի միակ հայկական լրատվական կայքը կարողացավ պահպանել իր գոյությունը, թեկուզ եւ ստիպված եղավ ինչ, որ չափով սահմանափակել աշխատանքը ու աշխատակիցների քանակը։

2016թ-ին կայքի հիմքի վրա ստեղծվեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպությունը։

Akhaltskha.Net-ը անկախ ու անկողմնակալ հայկական լրատվամիջոց է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։ Այն համագործակցում է բազմաթիվ լրատվամիջոցների ու կազմակերպությունների հետ Վրաստանում, Հայաստանում ու սփյուռքում։  Լրատվամիջոցի հիմնական նպատակն ու առաքելությունն է հասարակության տեղեկատվության ապահովումը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ու հայապահպանության գործին նպաստելը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։ Եւ այդ բոլորը իրականացվում է օբեկտիվ ու անկողմնակալ լրատվության ու վերլուծությունների հիմքի վրա։

Ներկայումս լրատվամիջոցը ունի նոր պրոֆեսիոնալ աշխատակիցների ընդգրկման ու գործունեության ընդլայնման կարիք։ Նպատակ կա նաեւ ակտիվացնել Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի գործունեությունը, կազմակերպության մեջ ներգրավելով տարբեր երիտասարդ մասնագետների ու վերլուծաբանների, որոնց գործունեությունը անկասկած կնպաստի տեղի բնակչության քաղաքականապես հասունացմանը եւ հայ-վրացական կապերի ամրապնդմանը։

Մեր համոզմամբ հզոր ու անկախ մամուլը նպաստելու է հասարակության մեջ առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը եւ ժողովրդի ձայնը լսելի կդարձնի ամբողջ աշխարհով մեկ։