Հայաստանի կրթության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկելու է հայկական դպրոցների թեման

1tv.ge-Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը առաջիկայում նախատեսում է հանդիպել վրաց գործընկերոջը, Միխեիլ Բատիաշվիլուն: Այս մասին նախարարը հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին: Հարությունյանի խոսքով, հանդիպմանը խոսքը վերաբերելու է Վրաստանում գործող հայկական դպրոցներում հայոց լեզվի և պատմության ուսուցանմանը:

«Խնդիրներ կան հայոց լեզվի, պատմության ուսուցանման հետ կապված: Ինչպես նաև ունենք տարբեր իրադարձությունների մեկնաբանման հետ կապված խնդիր: Աշխատում ենք այս ուղղությամբ: Շատ բարդ է մատակարարել հայկական դասագրքեր, Վրաստանի կրթության նախարարությունը այդ ուղղությամբ իրականացնում է հսկողություն: Նախկին նախարարի հետ այս թեմայով ունեցել ենք որոշակի համաձայնություններ: Նոր նախարարի հետ հավանաբար պետք է նորից սկսենք այս հարցերի քննարկումը»,- նշել է նախարարը:

Հարությունյանը տեղեկությամբ, վաղը ընդունելու է Հայաստանում Վրաստանի դեսպանին, որտեղ խոսվելու է նախարարների միջև հանդիպման պատրաստման մասին:

Հայաստանի կրթության նախարարի հայտարարությամբ, իր համար հետաքրքիր են Վրաստանում կրթության բարեփոխման առանձին բաղադրիչներ, որի առնչությամբ զրույց է ունեցել նախկին նախարար Միխեիլ Չխենկելիի և նախարարի տեղակալ Լիա Գիգաուրիի հետ: