Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն «ահաբեկել» են. ինչ կտեսնի Կրեմլը

Արտաքին քաղաքականության, մասնավորապես հայ-ռուսական հարաբերության, ռեգիոնալ անվտանգության հարցում Ռուսաստանի դերի, հատկապես Ադրբեջանի ռազմատենչությունն ու հնարավոր ագրեսիան զսպելու կարողության ու դե ֆակտո պատասխանատվության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «ահաբեկել» են հանրային եւ քաղաքական շրջանակների մի զգալի մասին:

Այստեղ թերեւս արժե խնդիրը բաժանել երկու հատվածի: Մարդիկ, որոնք անկեղծորեն պատկերացնում են, մտածում, թե վարչապետը արել է ռիսկային հայտարարություններ, կամ պարզապես անկեղծորեն չեն պատկերացնում հայ-ռուսական հարաբերության ու ռեգիոնալ անվտանգության խնդիրները: Որովհետեւ այդ դեպքում ավելի վտանգավոր պետք է դիտարկեին այդպիսի հայտարարությունների ու շեշտադրումների բացակայությունը: Եվ մարդիկ, որոնք թերեւս հիանալի պատկերացնում են խնդիրները, առավել եւս երկու տարի առաջ ապրիլյան պատերազմի տեսքով դրանց ցավալի զգացողությունը Հայաստանի ու Արցախի մաշկի վրա, բայց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դիտարկում են ոչ թե Հայաստանի, այլ սեփական քաղաքական, կուսակցական, խմբային մաշկի զգացողության դիրքերից:

Կա գուցե նաեւ երրորդ մի շերտ՝ հայ-ռուսական մեդիա-փորձագիտական մի հանրություն, որը անցնող տարիներին դիրքավորվել է որպես հայ-ռուսական անխախտ բարեկամության անփոխարինելի խարիսխ, որի կտրվելու պարագայում հայ-ռուսական բարեկամությունը անկառավարելի դուրս կգա բաց ծով:

Իրականում, մի շարք զարգացումներ եւ դրանց կրիտիկական կետը դարձած ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեցին այլ բան, որ այդ հանրույթն իր վարքագծով, մոտեցումներով եղել է հայ-ռուսական միջպետական դաշնակցային ու բարեկամական հարաբերության ոչ թե հենարան, այլ ական, եւ ոչ թե պահել է այն անկառավարելի բաց ծով դուրս գալու վտանգից, այլ հակառակը՝ կտրել խարիսխն ու դուրս բերել բաց ծով:

Հայ-ռուսական հարաբերության ամբողջ խնդիրը ներկայում այն է, որ կարեւորագույն աշխարհքաղաքական եւ ռեգիոնալ անվտանգության գործոնը, ընդ որում միջազգային անվտանգության համակարգում Ռուսաստանի թերեւս եզակի միջազգայնորեն լեգիտիմ դերակատարում ապահովող գործոնը, դուրս է բերվել բաց ծով եւ դարձել զգալիորեն անկառավարելի, դրանով իսկ դառնալով խնդրահարույց:

Երրորդ շերտի մտահոգության առարկան այն է, որ կարող է լրջորեն կասկածի տակ դրվել իր դերակատարման ոչ միայն էֆեկտիվությունը, այլ համարվել նույնիսկ վտանգավոր: Ի դեպ, այդ խնդիրը բավական սուր արտահայտվեց ապրիլյան քառօրյայից հետո, ինչն էլ պատճառ դարձավ, որ քառօրյայի ընթացքում եւ դրանից հետո տեւական ժամանակաշրջան այդ շերտը հիմնականում պահպանեց լռություն, իջնելով ջրի հատակը, մինչեւ կանցներ կամ կմոռացվեր վտանգը:

Այդպիսով, հայ-ռուսական հարաբերությունը «բաց ծով» դուրս բերած հայաստանյան, ռուսաստանահայկական, ռուսական շերտերը անհանգստացած, տեղ-տեղ նաեւ ահաբեկված են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, թե Փանիկի դեպքի, թե ռեգիոնալ անվտանգության ու պատերազմի զսպման հարցում Ռուսաստանի առաջնային ու անվերապահ պատասխանատվության մասով:

Շատերն իհարկե անկեղծորեն կարծում են, թե Ռուսաստանի հետ այդ կերպ խոսել հնարավոր չէ, քանի որ չեն պատկերացնում լեգիտիմ, հանրային բացառիկ վստահություն վայելող իշխանության քաղաքական կշռի ուժը եւ Հայաստանի ու Ռուսաստանի խնդիրները, որ զգալիորեն առաջացել են նաեւ նախորդ «խոսակցական լեզվի» պատճառով՝ երբ ամեն ինչ գերադասվում էր մատնել լռության:

Իսկ շատերը պարզապես բավական հստակ տեսնում են, որ հռետորաբանության ու շեշտադրումների փոփոխությունը աստիճանաբար բերելու է հայ-ռուսական հարաբերության բնույթի եւ որակի փոփոխության, ինչը աստիճանաբար, քայլ առ քայլ ավելորդ է դարձնելու իրենց դերը այդ հարաբերության մեջ, եւ ավելին՝ կարող է առաջացնել նախկինում այդ դերի ապակառուցողականության վերաբերյալ հարցեր:

Սա անշուշտ տեւական, ամեեւին արագ էֆեկտ ու արդյունք չենթադրող գործընթաց է, բայց կարեւորագույն գործընթաց, որը ներառում է ոչ միայն երկկողմ ու ռեգիոնալ, այլ միջազգային անվտանգության համատեքստ: Եվ ըստ այդմ շատերը չեն էլ պատկերացնում, որ Հայաստանից այդօրինակ հստակ, ինքնիշխան ու պատասխանատու շեշտադրումները կարող են սպասված լինել նաեւ Ռուսաստանի քաղաքականության գլխավոր պատասխանատուների համար, որոնց համար մասշտաբային տեսանկյունից բավական փոքր է Հայաստանի մասով փոփոխությունների խնդիրը, եւ դրանք ապահովելու գործնական հնարավորությունը Հայաստանի վրա է:

Հայաստանը պետք է փոխի իրավիճակը, այլապես Ռուսաստանի իշխանության, ավելի շուտ Կրեմլի ղեկավարի մակարդակում հարցը բավական փոքր է նրա զբաղվածության մեջ մեծ տեղ ունենալու համար, եւ միեւնույն ժամանակ դրա հետեւանքով առաջացող խնդիրների լուծման հարցում էլ Ռուսաստանն ապավինում է հենց իր մասշտաբին: Դա է նաեւ պատճառներից մեկը, որ իրերի այդօրինակ դրվածքի պայմաններում Հայաստանի շահերը հաճախ են մնում այդ լուծումների տակ:

Այդ իմաստով, Հայաստանի նոր իշխանության արտաքին քաղաքական գործելաոճի, մոտեցումների փոփոխությունը խնդիր է ոչ թե Կրեմլի, այլ նրանց համար, որոնք տարիներ շարունակ Կրեմլի վրա «վաճառել» են իրենց անփոխարինելի դերը: Հիմա՝ Հայաստանի նոր քաղաքականության շնորհիվ, Կրեմլի ղեկավարը կարող է առավել լավ տեսնել, թե որքան ժամկետանց է իրեն տարիներ շարունակ վաճառված այդ «ապրանքը»:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագիր