Ջավախքյան ամենասպասված տոներից մեկը՝ Տերյանական պոեզիայի օրը Գանձայում

Հուլիսի 21-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեծ շուքով նշվեց Ջավախքում ամենասպասված և ավանդույթ դարձած հերթական տոներից մեկը՝ Տերյանական պոեզիայի օրը:

Տոնակատարությանը ներկա էին նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) բարերար, Պերմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Սարգսյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Գրիգորյանը, Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը:

Միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Ջիվանու տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը, ով ողջունեց ներկաներին տուն-թանգարանի անձնակազմի անունից և շնորհակալական խոսք հղեց Նինոծմինդայի շրջանային վարչությանը և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել միջոցառման կազմակերպման հարցում: Գիդ-համակարգողը հույս հայտնեց, որ պետական և տեղական իշխանությունները, իրենց ուշադրության կենտրոնում պահելով Ջավախքի մշակութային կյանքը, կարևոր քայլեր կնախաձեռնեն նաև Տերյանի տուն-թանգարանի բարելավման հարցում և կլուծեն թանգարանի առջև այսօր ծառացած մի շարք խնդիրները, իսկ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը իր դերակատարությունն ու մասնակցությունը կունենա, ինչպես և ունեցավ Կարզախում Ջիվանու տուն-թանգարանի կայացման գործում:

Նշենք նաև, որ մինչ միջոցառման սկիզբը երկու տուն-թանգարանների ղեկավարները հանդիպեցին և ձեռք բերեցին համագործակցության պայմանավորվածություն՝ ընդգծելով դրա հնարավոր ուղիները:

Աղբյուր՝ jah.am