Վարչապետի ընտանիքի իդեալ է. «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից Լարիսա Ղարսլյան

Hayernaysor.am-Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ Սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկը՝ ջավախքահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանը, կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքում: Այդպես «որոշեց» վարչապետի դուստրը՝ Շուշան Փաշինյանը: Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ նա ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրեց հենց վիրահայ երիտասարդի անունը: «Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք»,-անունը կարդալուց հետո նշեց Շուշանը:

Վիճակահանությունից հետո բոլորին մեկ հարց էր հետաքրքրում. ով է Լարիսա Ղարսլյանը, «Քայլ դեպի տուն» ծրագրի այն երջանիկ մասնակիցը, որը կհյուրընկալվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը:

Լարիսա Ղարսլյանը ապրում է Ջավախքի Նինոծմինդա քաղաքում։ Ընտանիքի ավագն է, ունի փոքր քույր և եղբայր: Այս տարի գերազանց առաջադիմությամբ ավարտել է Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցն ու ընդունվել Թբիլիսիի Իլիայի անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Նպատակն է ավարտելուց հետո ուսումը շարունակել արտասահմանյան որևէ ուսումնական հաստատությունում:

«Երբ իմացա, որ հյուրընկալվելու եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը, անչափ ուրախացա: Մինչև հիմա չեմ կարողանում զսպել զգացմունքներս: Ինձ համար երազանք էր վարչապետի հետ անձամբ ծանոթանալը: Ոչ միայն վարչապետի, այլև նրա ընտանիքի, քանի որ շատ եմ սիրում նրանց: Նրանք ինձ համար հայ ընտանիքի իդեալ են։ Թեև այս ամենը դեռ շատ անսպասելի է ինձ համար, բայց ամեն ինչ կանեմ, որ վարչապետը գոհ մնա ինձնից ու վստահ եմ, որ հիանալի կանցնի ժամանակս նրանց տանը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լարիսան:

Խոսելով իր նախասիրությունների մասին՝ Լարիսան նշեց, որ շատ է սիրում պարել, 10 տարի հաճախել է պարի: Դաշնամուր է նվագում ու սովորել է երաժշտական դպրոցում: Լարիսան սիրում է նաև կարդալ, անընդհատ սովորել ու նոր բաներ բացահայտել: Եվ «Քայլ դեպի տուն» ծրագիրը նրան հնարավորության կտա նորովի բացահայտել Հայաստանը:

«Հայաստանը շատ եմ սիրում, ու չնայած մի քանի անգամ եղել եմ ընտանիքիս հետ, բայց չեմ կարողացել այցելել տեսարժան վայրեր: Այս ծրագիրը շատ լավ հնարավորություն է ինձ համար, միաժամանակ կկարողանամ նոր ընկերներ ձեռք բերել, ծանոթանալ նոր մարդկանց հետ»,-անկեղծացավ Լարիսան:

Զրույցի վերջում Լարիսան դիմեց Շուշանին. «Ես նույնպես ողջունում եմ Շուշանին, ու թեև նրան միայն հեռակա եմ ճանաչում, բայց արդեն շատ եմ սիրում ու վստահեցնում եմ, որ հիանալի ժամանակ կանցկացնենք միասին»:

Մանրամասները՝ տեսանյութում.

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից վիրահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանը կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքում

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից վիրահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանը կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքում

Опубликовано Hayernaysor.am Пятница, 3 августа 2018 г.