Սփյուռքի միասնական պլատֆորմը միջոց է խնդիրները առաջ քաշելու եւ դրանց լուծումը գտնելու համար․ Կարեն Գալստյան

Akhaltskha.net-ի հյուրն է ԱՄՆ-ի Geopolitical Club եւ ԱՄՆ Հայդուկ միության ներկայացուցիչ Կարեն Գալստյանը:

Պարոն Գալստյան, դուք ձեր գործընկերների հետ միասին այս տարվա օգոստոսին նախաձեռնել էիք սփյուռքի միացյալ կառույց ստեղծելու ծրագիրը։ Եթե կարելի է մանրամասնեք, թե ի՞նչ գաղափար է դա իրենից ներկայացնում։

Ոգեշնչված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության գործընթացով եւ ազգային  ոգու վերելքով, մենք որոշեցինք համատեղել մեր ուժերը, որովհետեւ այդ բանդիտական ռեժիմի դեմ պայքարը միայն Հայաստանում չէր ընթանում եւ այդ պայքարը ամեն տեղ կար։ Ամեն մեկը իր ուժերով փորձում էր պայքարել։ Հասկացանք, որ պահը եկել է ուժերը համախմբելու եւ իսկապես համագործակցություն սկսելու պետության հետ։ Նույնիսկ Գլենդելում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ շեշտվեց, որ սփյուռքի մի մասը առաջին անգամ համագործակցում է իշխանության հետ երկար տարիներ քննադատելուց հետո, որը շատ գովելի երեւույթ է, ու դրա արդյունքը կարող է լինել շատ էֆեկտիվ։ Եկանք ընդհանուր հայտարարի, իհարկե այնտեղ տարբեր շահեր հետապնդող կազմակերպություններ կան, բայց այն կազմակերպությունները, որոնք իրենց դեմ նպատակ են դնում Հայաստանի եւ հայ համայնքի հզորացումը հանուն Հայաստանի ու հայ ազգի բարգավաճման, որոշեցինք միասին այդ հարթակը ստեղծել։ Արդեն եղել են առաջին հանդիպումները, որոնք ներկայացվել են հայ հասարակությանը ու ասեմ, որ ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է եւ հիմա ընթանում են խորհրդակցությունները գտնելու գաղափարի կյանքի կոչման մեխանիզմները։ Ունենք տարբեր առաջարկներ եւ կան նույնիսկ տարբեր ծրագրեր եւ իհարկե կան նաեւ հակասություններ, բայց մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր հակասությունները հարթեցնենք ու գտնենք աշխատող ծրագրեր։

Հիմնական առաջնահերթությունները երեքն են։ Դրանք են Հայաստանի Հանրապետությանը աջակցելը երկու ուղղությամբ։ Դա գիտատեխնիկական տնտեսական աջակցության կազմակերպումն է եւ համակարգումը, որը իր մեջ կներառի ոչ միայն սփյուռքի կազմակերպությունների անձնական նախաձեռնությունները, այլեւ Հայաստանի կառավարության խնդրանքով իրենց որեւէ հարցի շուրջ օգնելը։ Երկրորդը՝ դա աջակցությունն է ՀՀ-ին քաղաքական առումով, որը կարելի է մեկ բառով ասել որպես լոբբիզմ։ Այսինքն արտաքին հարթակներում ՀՀ-ի շահերի ներկայացում եւ հետապնդում մեր քաղաքական թեւի կողմից։ Եւ երրորդը՝ որը պակաս կարեւոր չէ, դա հենց սփյուռքի կառույցների աջակցությունն է։ Սփյուռքը յուրահատուկ բազմաշերտ խնդիրներ ունի սկսած նույնիսկ շատ դեպքերում կենցաղային բնույթ կրող հարցերից, լեզվի ուսուցման ու պահպանության։ Այսինքն այն բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են սփյուռքի ներքին խնդիրներին, դրանք պետք է լուծվեն սփյուռքի ջանքերով շատ դեպքերում առանց ՀՀ-ի միջամտության։

Ինչո՞ւ հենց հիմա անհրաժեշտություն առաջացավ ստեղծել սփյուռքի միասնության հարթակ եւ դուք մտադիր եք սահմանափակվել միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներով ,թե տվյալ գաղափարի մեջ մտադիր եք ներառել նաեւ սփյուռքի մնացած երկրների կառույցները։

Նախկինում նման փորձեր պարբերաբար եղել են, բայց հաջողության չեն հասել։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ միավորողը Հայաստանի Հանրապետությաւնն է։ Առանց անկախ պետության հայ ազգը գոյատեւել չի կարող։ Եւ հիմա ստացվեց այնպես, որ հայկական պետության մեջ ազգային վերելք արձանագրվեց, ինչը ոգեշնչեց շատ շատերին։ Նույնիսկ քաղաքականությանը անտարբեր մարդիկ այդ օրերին դուրս եկան փողոց։ Պայքարի ձեւերը ու այդ ցույցերը, որոնք մեզ մոտ Լոս Անջելեսում տեղի ունեցան, ցույց տվեցին թե ինչ քանակությամբ մարդիկ են իսկապես շահագրգռված մասնակցություն ունենալու այդ գործընթացին։ Եւ մենք գտանք, որ այս պահը շատ հարմար է, որպեսզի այդ գործընթացը գնա առաջ։ Ու այդ ամենը ցույց է տալիս, որ  իսկապես հիմա կազմակերպությունները մի կողմ են դրել իրենց անձնական շահերը եւ փորձում են ընդհանուր գործ անել։ Ինչ վերաբերվում է սփյուռքի ընդհանուր ներգրավվածությանը՝ բնականաբար խոսքը չի գնում միայն լոսանջելեսահայերի մասին, կամ միայն ամերիկահայերի մասին, խոսքը գնում է ամբողջ հայկական սփյուռքի մասին։ Մենք արդեն իսկ սկսել ենք որոշակի քննարկումներ սփյուռքի այլ գաղթօջախների ներկայացուցիչների հետ։ Հույս ունենք, որ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի, որովհետեւ այս ընդհանուր ազգային զարթոնքը եւ ոգեւորության վերելքը ոնց-որ թե բոլոր գաղթօջախներում առկա է։ Մեր խնդիրը ընդհանուր հայ ժողովրդի շահերը ներկայացնելն է ու այդ շահերը պաշտպանելն է ամեն տեղ։ Այնպես, որ մեր նախաձեռնությունը վերաբերվում է աշխարհի բոլոր հայերին եւ մենք այդ ուղղությամբ աշխատելու ենք ինչքան մեր ուժերը կներեն։ Եթե նայենք սփյուռքին, ապա կտեսնենք, որ բոլորը իր խնդիրներով լքված են եւ ամենքը իրենց ուժերով փորձում են հարց լուծել, ինչը այդքան էլ չի ստացվում, իսկ պլատֆորմը միջոց է խնդիրները առաջ քաշելու եւ միասնական լուծումներ գտնելու համար։

Ո՞րն է լինելու կառույցի հիմնական նպատակը եւ տվյալ կառույցի ստեղծումը ինչո՞վ կարող է օգտակար լինել հայկական սփյուռքին, Հայաստանին, Արցախին ու Ջավախքին։

Այս կառույցին այժմ անդամակցել փորձող բազմաթիվ կազմակերպություններ երկար տարիներ զբաղվել են գործերով, այնպես չէ, որ նոր են սկսելու։ Կան Հայաստանին գիտական, տնտեսական ու տեխնիկական օգնություն ցուցաբերող կազմակերպություններ։ Այսինքն նպատակը այն է, որ մի սեղանի շուրջ նստեցնել կոնկրետ իրենց ոլորտով զբաղվող մասնագետներին ու բիզնեսմեններին եւ փորձել խնդիրները ավելի գլոբալացնել։

Ի վերջո խոսենք Ջավախքի մասին։ Ինչպես Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ցանկացած հայաբնակ քաղաք կամ շրջան ունի հայապահպանության խնդիր, այնպես էլ դա կա Ջավախքում։ Ջավախքում մարդկանց արտագաղթի խնդիրը շատ սուր է ելնելով ընտանիքների սուղ ֆինանսական պայմաններից։ Էլ չասեմ, որ ցանկացած պետությունում կա որոշակի քաղաքական մոտեցում ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Դա շատ հաճախ բացասական ազդեցություն ունի։ Եւ այդ իսկ պատճառով հասկանալու համար տեղի յուրահատկությունները պետք է աշխատենք տեղական մասնագետների հետ, որպեսզի ընդհանուր հասկացողություն լինի, թե ինչ խնդիրների լուծման կարիք կա։

Մենք, օրինակի համար, ակտիվորեն աշխատում ենք ձեր կողմից ղեկավարվող Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի հետ եւ ապագայում պետք է փորձենք ներգրավել հասարակության ավելի լայն շրջանակ։ Նաեւ հասկանում ենք, որ մեր աջակցությունը կարող է  լինել եւ նյությական եւ ֆինանսական եւ աշխատատեղեր ստեղծելով ու մնացած ոլորտները զարգացնելով, ինչի մասին առայժմ վաղ է խոսել։ Միասնական ուժերով պետք է ընտրենք առաջնահերթությունները ու ներկայացնենք այն կառույցներին, որոնք կկարողանան ապահովել դրանց լուծման միջոցները։

Հայապահպանության խնդիր ամեն տեղ կա, լեզվի ուսուցման խնդիր եւս ամեն տեղ կա եւ որոշ դեպքերում Հայաստանի Հանրապետության հետ կապի խնդիրը եւս կա ու սկսած քաղաքական հարցերից եւ վերջացրած տնտեսական հարցերով մենք պետք է սերտորեն համագործակցենք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Շատ դեպքերում իրենցից իմանանք, թե ինչ է նրանց անհրաժեշտ, բնականաբար միշտ հետեւելով ՀՀ կառավարության աշխատանքներին։ Եւ եթե հանկարծ նկատենք, որ խնդիրներ կան հակասող հայության շահերին, բնականաբար կքննադատենք։ Մենք ենթադրում ենք գործընկերային աշխատանք ՀՀ-ի հետ եւ ելնելով այն սուրբ գաղափարից, որ ՀՀ-ն բոլոր հայերի հայրենիքն է մենք պատրաստ ենք սերտ համագործակցության։

Վերադառնալով Ջավախքի հարցին ասեմ, որ շատ լավ գիտենք, որ Ջավախքը սփյուռք չէ եւ տարբերվում է սփյուռքից։ Այս շրջանում հայերը բնիկ ժողովուրդ են եւ մենք ամեն ինչ կանենք, որ համագործակցությունը խորացնենք ձեր շրջանի հետ, որպեսզի միասնական լուծում գտնենք ձեզ մոտ կուտակված բազմաթիվ խնդիրների։

 

Էդուարդ Այվազյան