Ազնավուրենց աղբյուրը Ախալցխայում

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կազմակերպած աջակցության մեծածավալ ծրագրերը անտարբեր չթողեցին ոչ ոքի, ոչ ՀՀ-ում եւ ոչ Ջավախքում: Ազնավուրի հայրենի Ախալցխայում որոշվեց Ազնավուրին հրավիրել քաղաք: Նախաձեռնող խումբը այս մասին տեղեկացրեց նահանգապետին, որն ընդառաջ գնաց այդ գաղափարին: Համատեղ մի հրավեր-նամակ ուղարկվեց, եւ դեռ 2001 թվականից սկսած Ջավախքը պատրաստվում էր ընդունել Շառլին:

Որոշվեց այցի կապակցությամբ վերականգնել Ազնավուրենց աղբյուրը, որը կառուցվել էր ժամանակին Ազնավուրյանների տոհմի կողմից, սակայն ժամանակի ընթացքում քանդվել էր, գուռը անցել էր հողի տակ, տեղը հազիվ էր երեւում: Աղբյուրը որոշվեց վերականգնել ոչ թե նախկին տեղում, այլ Ախալցխայի Հովհ. Թումանյանի անվան դպրոցի նախասրահում:

Աշխատանքի կազմակերպման եւ նախագծման գործն իր վրա վերցրեց Ալ.  Իգիթխանյանը: Աղբյուրի մի քանի նախագծեր պատրաստվեցին եւ ուղարկվեցին Շառլ Ազնավուրին: Նրա հաստատած տարբերակով էլ քանդակվեց եւ դպրոցոււմ տեղադրվեց վերջնական տարբերակը:

Ազնավուրը կարողացավ տեսնել այն 2005 թվականի մայիսի 29-ին հայրենի Ախալցխա այցելության ընթացքում՝ հուշարձանի բացման արարողությանը: Նրան ներկայացվեց ոչ միայն աղբյուրը, այլեւ դպրոցի թանգարանում հավաքված այլ ցուցանմուշներ: Ազնավուրին շնորհվեց Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչում, եւ նրան ողջունելու համար դպրոցականները ներկայացել էին Կարնո ավանդական տարազով: Այս այցը հուզեց բոլոր ախալցխացիներին եւ մեծ նշանակություն ունեցավ քաղաքի համար:

Երգիչը եղավ Ախալցխայի այն վայրում, որտեղ ապրել են նրա նախնիները (տունը չի պահպանվել): Նա այցելեց տեղի հին գերեզմանատունը, որտեղ թաղված են իր նախնիները: Ազնավուրի ընտանիքը շուրջ 100 տարի առաջ Ախալցխայից տեղափոխվեց Հունաստան, այնտեղից էլ` Ֆրանսիա, որտեղ էլ 81 տարի առաջ ծնվեց շանսոնյեն: Այցի ընթացքում Ազնավուրը ասաց լրագրողներին. «Ավելի շատ եմ գալու, մյուս անգամները կգամ երեխաներիս հետ, որ մի քիչ էլ նրանք սովորեն, թե ինչ է հայրենիքը»:

Այս օրերին ողջ Հայ ազգը եւ թերեւս ողջ Մարդկությունը սգում է Շառլ Ազնավուրի կորուստը: Հուսանք, որ Ախալցխայի Ազնավուրենց աղբյուրը միշտ կհիշեցնի մեզ մեծ Հայի մասին:

Ջավախք Մեդիա, Ախալցխա, Ջավախք