«Մանկության մոլորակ» ծրագրի շրջանակներում Ջավախքում առաջին դասարանցիները ստացան գրենական պարագաներ

Ջավախքում առաջին դասարանցիները ստացան գրենական պարագաներ «Մանկության մոլորակ» ծրագրի շրջանակներում:

հոկտեմբերի 8-ին Մյունխենի «Անուշ» հայ — գերմանական պարի և մշակույթի կենտրոնի պատվիրակությունը, հանդես գալով «Մանկության մոլորակ» ծրագրով, դպրոցի առաջին քայլի կապակցությամբ, գրենական պարագաներ նվիրեց Ջավախքի մի շարք գյուղերի առաջին դասարանցիներին` կարևորելով կրթության դերը փոքրիկների կյանքում:

Ծրագրի նպատակն է երեխաներին ժպիտ պարգևել, աչքերին փայլ նվիրել:
Չնայած բազմաթիվ բարդությունների և խոչընդոտների, այնուամենայնիվ` ծրագիրը կայացավ:

Ծրագրի շրջանակներում մեր պատվիրակությունը այցելեց նաև Կարզախ գյուղ՝ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ էլ երեխաներին հանձնվեցին նվերները:

Սփյուռքի նախարարությունն ու Ջավախքին աջակցություն հիմնադրամը, ողջունելով այս նախաձեռնությունը, իրենց ներդրումն ունեցան ծրագրի իրականացման աշխատանքներում:

Մյունխենի “Անուշ” հայ-գերմանական պարի և մշակույթի կենտրոնի “Մանկության մոլորակ” ծրագրի կազմակերպիչներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Սփյուռքի նախարարությանը, ՋԱՀ-ի հայաստանյան և վրաստանյան ներկայացուցչությանը, Ախալքալքի հոգևոր հովիվներին, Ջիվանու տուն-թանգարանի աշխատակազմին, Չախալյանների ընտանիքին, Մայիս Համբարձումյանին և բոլոր աջակցողներին:

Պատվիրակությունն իրապես տպավորված է վերադարձել Ջավախքից:

Մեր կենտրոնը պատրաստվում է «Մանկության մոլորակ» ծրագրի շրջանակներում ընդգրկել բոլոր դպրոցականներին, ընդհուպ մինչև ավարտական դասարանները, քանի որ վերջին զանգով մանկության մոլորակից աշակերտները թևակոխում են կյանքի մի նոր փուլ:

Ծրագիրը շարունակական է լինելու և ժպիտ է պարգևելու հայ մանուկներին` ապահովելով “Մանկության մոլորակի” հավերժական պտույտը: