Ախալցխայում տեղի ունեցավ խտրականության թեմայով հանդիպում

Mediaanalytic.org-Հոկտեմբերի 15-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում խտրականության թեմայով։ Հանդիպումը ներկա էին խորհրդարանականներ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ եւ ՆԳՆ մարդու իրավունքների պաշտպանության գծով ներկայացուցիչներ։ Հանդիպումը նախաձեռնել էր USAID ժողովրդավարության կենտրոնական գրասենյակը։

Հանդիպմանը մասնակցում էին ինչպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հիմնական քննարկվող թեմաներ էին ընտանեկան բռնությունը եւ խտրականության բոլոր տեսակի դրսեւորումները։ Հանդիպման կազմակերպիչները հիմնականում իրենց ուշադրությունը կենտրոնացրին կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի վրա։ Մասնավորապես խոսքը վերաբերվում էր կանանց համար քաղաքականության մեջ ներգրավելու խտրական վերաբերմունքին հասարակության կողմից։ Հատուկ ուշադրություն դարձվեց ընտանիքներում տեղի ունեցող բռնության թեմաներին։

Մասնակիցները ունեցան հնարավորություն տարբեր հարցերով դիմել հանդիպման կազմակերպիչներին եւ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ազգային փոքրամասնությունների խնդիրներին, հատուկ նշելով, որ ինչպես խոսվում է կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի մասին քաղաքականության մեջ, այնպես էլ պետք է խոսվի ազգային փոքրամասնությունների ներգրաված չլինելու մասին տեղական ինքնակառավարման մարմիններում, որը եւս խտրականություն է։  Նրա խոսքերով Սամցխե-Ջավախքում հայերը կազմում են մեծամասնություն, սակայն ոչ մի ներկայացուցիչ չկա մարզպետարանի աշխատակազմի մեջ։ Ազգային փոքրամասնությունները հատուկենտ են ներգրաված նաեւ քաղաքապետարանում աշխատանքի, չնայած նրան, որ Ախալցխայում մոտ 35% հայ ազգաբնակչություն կա։

Ինչպես հանդիպման կազմակերպիչները, այնպես էլ հանդիպման մասնակիցներից մի քանիսը փորձեցին չհամաձայնվել այն մտքի հետ, որ դա եւս խտրական վերաբերմունքի արդյունք է, փորձելով բացատրել այն այնպես, իբր դա կախված է լեզվի չիմացությունից եւ Ախալցխայում հայերի թվի քիչ լինելուն։ Սակայն նրանց կրկին անգամ ներկայացվեցին այն փաստարկները, որ Սամցխե-Ջավախքում ազգային փոքրամասնությունները մեծամասնություն են կազմում եւ պետք է ինչ-որ չափով ներկայացված լինեն մարզպետարանի աշխատակազմում, իսկ քաղաքի մասշտաբով բնակչության 35% փոքր թիվ չէ, որ նրանք ներգրաված չլինեն տեղական ինքնակառավարման մարմնում։ Լեզվի իմացության մասով ներկայացվեց, որ Ախալցխայում նման խնդիր գոյություն չունի եւ դա հնացած փաստարկ է, որը չի համապատասխանում իրականության։

Էդուարդ Այվազյանը հակաճառել փորձողներին հիշեցրեց, որ այդ մասին անընդհատ խոսում են նաեւ եվրոպական մի շարք կառույցներ եւ ազգային փոքրամասնություններին քաղաքականության մեջ ներգրավելը գոնե տեղական մակարդակով հանդիսանում է նրանց կարեւոր պահանջներից մեկը։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն