Առաջին իսպանական անկյունը Հայաստանում

Անցյալ շաբաթ, երբ Իսպանիայում նշվում էր ազգային տոնը, Կոտայքի մարզային գրադարանում բացվեց իսպանական գրականության փոքրիկ անկյուն: Անկյունը ստեղծվել է իսպանահայ բանաստեղծ, «Արարատ» հայկական միության նախագահ Ա. Ղուկասյանի և մեր գրադարանի սերտ համագործակցությամբ:

Անկյունը ներառում է ավելի քան 100 միավոր իսպաներեն գիրք և ամսագիր: Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Ա. Խեչոյանի հավաստմամբ այն հետագայում կընդլայնվի ինչպես Վալենսիայի «Արարատ» հայկական միության հետ համագործակցության, այնպես էլ գրադարանի միջոցներով գրքեր ձեռք բերելու շնորհիվ: Ցերեկույթի ընթացքում խոսվեց աշխարհում իսպանական բազմազան մշակույթի դերի և ազդեցության մասին, հաղորդավար Անահիտ Խլղաթյանը իսպաներեն ներկայացրեց Պաբլո Ներուդայի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպես նաև Պ. Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը՝ Ա. Ղուկասյանի թարգմանությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ-ի իսպաներենի դասախոս Ռ. Պետրոսյանը:

Երաժշտական համարներով հանդես եկան ջութակահարներ Լորետտա Ջամալյանը և Ալբերտ Բելումյանը։ Գրադարանի ընթերցող Սոֆի Հովհաննիսյանը իր երաժշտական կատարումներով եզրափակեց ցերեկույթը: Միջոցառմանը ներկա էին գրադարանի ակտիվ ընթերցողներ, թարգմանիչներ, դերասաններ: