Հայաստանի ԱԺ-ն գնում է լուծարման. Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

Այսպիսով, վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ քվեարկող պատգամավորներ չեղան: Դեմ էր 1, ձեռնպահ՝ 11 պատգամավոր:

Նշենք, որ քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարել էին ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: ԵԼՔ-ը հայտարարեց, որ կքվեարկի ձեռնպահ: Վարչապետի ընտրությանը հարցը դրված էր հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստի օրակարգում: Վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:

Խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: