Իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ արձագանք չեմ ստացել. ՀՀ վարչապետ

Armtimes.com-  Եթե դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը՝ կոնսենսուսի հասնելու ուղղությամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված հարցին, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ արդյո՞ք սպասվում է հայկական կողմի պատասխանը Բելառուսի ԱԳՆ խոսնակին, որը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, ՀՀ վարչապետն ասաց. «Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է: Ես՝ ինքս, ինչ ունեմ ասելու, բարձրաձայնել եմ: Այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ արձագանք չեմ ստացել: Ես ինչ ասել եմ, շարունակում եմ պնդել եւ որեւէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, դա տեղի կունենա: Այսինքն, ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ: Դա նորություն չէ, նախկինում էլ դա տեղի ունեցել է եւ այս գործելակերպը կշարունակվի:

Համենայնդեպս, մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որեւէ հարց, պատրաստվում ենք հետեւողականորեն, նաեւ գործընկերության միջավայրում պաշտպանել ՀՀ ազգային շահերը»:

Դիտարկմանը, որ այդ «փոխհրաձգությունից» հետո Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հուշագիր է ստորագրվել, հնարավո՞ր է, որ դա Բելառուսի պատասխանն էր Հայաստանին, Փաշինյանն արձագանքեց.

«Երեք ամիս առաջ պայմանագիր ստորագրվել էր հայտնի «Պոլոնեզների» մասով, որի հետ կապված պայմանագիրը ստորագրվել էր շատ ավելի վաղ: Այդ ամենը տեղի էր ունեցել մի պայմաններում, երբ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք դատապարտում ենք այդ գործարքները, համարում ենք՝ դրանք ուղղված են ՀՀ շահերի դեմ, դրանք խաթարում են ՀԱՊԿ գործընկերության բովանդակությունը:

Ինչպես ասել եմ նախկինում, այս փուլի կարեւոր խնդիրներից մեկը հետեւյալն է, որ մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք, երկրներից յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, թե ինչ պարտավորություններ ունի ամեն մի դաշնակցի նկատմամբ, ինչ պարտավորություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ, կազմակերպության նկատմամբ եւ կազմակերպությունն ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ: Մենք մեր դաշնակցային պարտավորությունները կատարում ենք, ինչը ցավոք, չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների պայմաններում»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ Հայաստանի խնդիրն է՝ ունենալ այդ հստակեցումները, նոր բովանդակություն հաղորդել ՀԱՊԿ-ին՝ փոխադարձ հարաբերությունները եւ պարտավորությունները ճշտելու եւ փոխադարձաբար կանխատեսելի ու պարզ փոխհարաբերություններ վարելու համար:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից նոյեմբերի 2-ին։

Նարեկ Կիրակոսյան