Ախալցիխեի մարզադահլիճը կռվախնձոր․ կողմերն անզիջում են, տուժում են մարզիկները

Aliq.ge-Ախալցիխեի թիվ 3 դպրոցում 1993 թվականից գործող ու բազմաթիվ մարզիկների համար կարևոր կենտրոն դարձած մարզադահլիճի գործունեությունն ըստ հիմնադրի՝ վտանգված է․ վարձակալության իրավունք այլևս չի տրվում:

Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ախալցիխե քաղաքում տարիներ շարունակ գործում է մարզադահլիճ, որը տարածաշրջանի համար էական նշանակություն ունի, բազմաթիվ մարզիկներ է տվել շրջանին և նույնիսկ Եվրոպայի չեմպիոններ:

Մարզադահլիճը գտնվում է Ախալցիխեի թիվ 3 դպրոցում: Ամեն տարի վարձակալության պայմանագիր է կնքվել դպրոցի և մարզադահլիճի հիմնադիր և գլխավոր մարզիչ Գևորգ Շուշանյանի միջև, սակայն, ինչպես «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Գևորգ Շուշանյանը, արդեն երկրորդ տարին է իրեն չի հաջողվում պայմանագիր կնքել, գործը դատարանում է: Դատարանը թույլատրել է մարզումներ անցկացնել, թեև վարձակալության հարցը դեռ լուծում չի ստացել:

«Ալիք մեդիայի» հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ վարձակալության պայմանագիր չի կնքվում, Շուշանյանն նշում է․ «Ասում են՝ չենք ուզում ու վերջ»: Մարզիչը ենթադրում է նաև, որ դպրոցի ղեկավարությունը մտադիր է առավել «շահավետ»օգտագործել տարածքն ու եկամուտ ստանալ:

Վերոնշյալի հետ կապված դպրոցի տնօրինության դիրքորոշումը իմանալու նպատակով «Ալիք մեդիան» դիմեց Ախալցիխեի թիվ 3 դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոփովային: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ դպրոցի մարզադահլիճը Գևորգ Շուշանյանին այլևս չի տրվում վարձակալության, ստացանք հետևյալ պատասխանը.

«Ուզում ենք տեղեկացնել, որ Ախալցիխե քաղաքի թիվ 3 հանրային դպրոցի և Գևորգ Շուշանյանի միջև 2016 թվականի օգոստոսի 1-ին կնքվեց վարձակալության պայմանագիր 1 տարի ժամկետով: 2016 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց համաձայնագիր, ըստ որի վարձակալության պայմանագիրը անվավեր ճանաչվեց: Հիշեցնեմ, որ պայմանագիրը  դադարեցնել հնարավոր է միայն 2 կողմերի համաձայնության դեպքում: Տվյալ դեպքում պայմանագիրը դադարեցվել է ըստ օրենքի: Այնուհետև Գևորգ Շուշանյանը բողոք է ներկայացրել դատարան և պահանջել անշարժ  գույքի վարձակալության դադարեցման համաձայնագիրն անվավեր ճանաչել: Ախալցիխեի շրջանային դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 8-ին նշված բողոքը բավարարել է»:

Այս որոշումը պատասխանող կողմը՝ դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոփովան բողոքարկել է, հետագայում գործը քննվել է Վերաքննիչ դատարանում: Այստեղ արդեն պատասխանող կողմ Շուշանյանը մի քանի անգամ չի ներկայացել դատարան, և Վերաքննիչ դատարանը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով բավարարել է հայցվոր կողմի պահանջը:

Սրա հետ կապված «Թբիլիսիի վերաքննիչ դատարանը 2017 թվականի մայիսի 15-ին  չեղյալ համարեց դատարանի որոշումը՝ ուժի մեջ թողելով անշարժ գույքի վարձակալության պայմանագրի դադարեցման համաձայնագիրը: Հաշվի չառնելով այդ որոշումը, Գևորգ Շուշանյանը 2016 թվականի օգոստոսի 1-ից մշտապես օգտագործում է Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոցի սեփականություն համարվող տարածքը և՛ որպես մարզադահլիճ, և՛  որպես լոգարան, հանդերձարան» հայտնում են դպրոցից:

Նշենք նաև, որ մարզադահլիճը երկու տարի առաջ է հիմնանորոգվել. բռնցքամարտի դպրոցի հիմնադիր և գլխավոր մարզիչ Գևորգ Շուշանյանն անձամբ է հովանավորներ գտել՝ մարզադահլիճի նորոգման ծախսերը հոգալու համար:

Ըստ օրենքի, դպրոցն իրավունք ունի եկամուտ ստանալու նպատակով աճուրդի հանելով վարձով տալ իր տարածքում գտնվող պետական ունեցվածքը, ընդ որում՝ վարձակալը պարտավոր է վճարել զբաղեցրած տարածքի համար: Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի 2010 թվականի փետրվարի 10-ին N1/172-1 ընդունած որոշման համաձայն՝ «Պետական ունեցվածքից օգտվելու իրավունք տրվում է էլեկտրոնային աճուրդ անցկացնելով»պահպանելով օրենքը:

Դպրոցի տնօրինությունը մեղադրում է Շուշանյանին տարածքն անօրեն գրավելու մեջ և հավելում՝ «Ախալցիխեի շրջանային դատարանի 2018 թվականի փետրվարի 5-ին ընդունած որոշման համաձայն, Գևորգ Շուշանյանին իրավունք չի տրվում օգտվել  Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոցին պատկանող մարզադահլիճից, լոգարանից, հանդերձարանից: Ինչպես նաև, դատարանի որոշման համաձայն, Գևորգ Շուշանյանը պարտավոր է ազատել զբաղեցրած տարածքը»:

Ինչպես հայտնում են դպրոցից, այս պահին դատարանի որոշումը կատարելու նպատակով գործը հանձնված է կատարման բյուրո:

Շուշանյանն ասում է, որ իրավիճակը բացասաբար է ազդում մարզիկների վրա, թեև իրենք ակտիվ համագործակցում են շրջանի այլ մարզադահլիճների հետ, փոխանակվում տեխնիկայով, խմբերի միջև մարզումներ անցկացնում՝ հույս ունենալով, որ հարցը դրական լուծում կստանա: Շուշանյանի սաներից են՝ Ցոլակ Անանիկյանը` 2008 թ. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Ախալքալաքիից աշխարհի առաջնության մրցանակակիր Օթար Երանոսյանը և այլոք:

ԱՆՆԱ ԹԱՆԴԱՐՅԱՆ