Հոգեհանգստյան կարգ 1988թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Հանդիսապետությամբ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի, տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ի հիշատակ 1988թ․ Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի։

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն մինչեւ օրս աղետի գոտում կան ընտանիքները, որոնք ապրում են ժամանակավոր տնակներում եւ սպասում են իրենց խնդիրների լուծմանը:

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսային մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին։ Երկրաշարժն ունեցել է 6.8 մագնիտուդ իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (Արտասովոր կործանարար)։

Զոհերի թիվը — 25000‚ այդ թվում՝ Գյումրի – 17000, Սպիտակ – 4000, Վանաձոր – 1200, Ախուրյան – 500, Ստեփանավան – 125։

Փլատակներից հանվել է կենդանի — 45000 մարդ, հոսպիտալացվել է — 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։