Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում կայացավ հոգևոր սպասավորների ժողով

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում կայացավ հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողով։

Օրակարգում ընդգրկված էին 4 հիմնական հարցեր՝
ա/ Տեր Տաթև քահանա Մարուքյանի Թբիլիսի ծառայության տեղափոխվելու և նորանշանակ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի Ախալքալաքում ծառայելու հարցը։

բ/ Փոխառաջնորդության համայնքները հովվությունների վերածելու նախագծի քննարկումը։

գ/ Ծխական թեմական կանոնադրության կիրառումը։

դ/ 2019 թ․-ից հովվությունների ինքնուրույնության և ինքնաֆինանսավորման խնդիրները։

Ժողովականներին իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելուց հետո թեմակալ առաջնորդն իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսինՏեր Նարեկ քահանային թեմում ծառայության կոչելու համար։ Սրբազան Հայրը շնորհավորեց նորաօծ քահանային և մաղթեց բարի ու արգասաբեր առաքելություն։ Առաջնորդը նաև ներկաներին բացատրեց, որ Տեր Տաթև քահանան ընտանեկան հանգամանքներից ելնելով ծառայության է տեղափոխվել է Թբիլիսի և նշանակվում է Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ հոգևոր հովվի օգնական և Հայարտան հոգևոր տեսուչ։ Արժանապատիվ Տեր Հորը Ախալքալաքում և հարակից համայնքներում կփոխարինի նորաօծ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։ Երկրորդ հարցի հետ կապված լայն և ընդգրկուն քննարկում եղավ ։

Քննարկվեց համայնքները հովվությունների վերածելու հարցը և որոշվեց Ախալքալաքի շրջանի համայնքներ բաժանել 5 հովվությունների, Նինոծմինդայի շրջանը՝ 3, Ծալկայի շրջանը՝ 1, Դամալայի շրջան՝ 1, Բորժոմիի տարածաշրջանը՝ 1, Ախալցխայի շրջանը՝ 2։ Որոշվեց նաև Ախալցխայի հոգևոր տեսչության մեջ ընդգրկել ինչպես Ախալցխայի և Ծուղրութի, Բորժոմիի, այնպես էլ Դամալայի հովվությունները։ Գ կետի հետ կապված, հաշվի առնելով Սամցխե-Ջավախքի և Ծալկայի բնակլիմայական պայմանները կանոնադրության ամբողջական կիրառումը և գործածությունը սկսել մայիս ամսից, իսկ մինչ այդ ժողովրդի մեջ բացատրական աշխատանքներ տանել։ Դ կետի հետ կապված որոշվեց սույն թվականի դեկտեմբերի 25-ից փոխառաջնորդության բոլոր հովվություններում կատարել հաշվառում ծիսական նշանակության նյութերի և գանձանակների հաշվառում ու հանձնել հովվություններին, որոնք 2019 թ․- հունվարից սկսած կանցնեն ինքնաֆինանսավորման։

Ժողովին ներկա հովվությունների ապագա հաշվապահ գործավարներին առաջնորդի և հաշվապահ Ռուզաննա Երեմյանի կողմից տրվեցին համապատասխան ցուցումներ և առաջարկվեց մինչև տարվա վերջ այցելել փոխառաջնորդարան և հաշվապահից սովորել ու ձեռք բերել հաշվապահի անհրաժեշտ գիտելիքներ։

Որոշվեց շարունակել հոգևոր սպասավորների և պաշտոնեության աշխատավարձերի վճարումը, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից տրամադրվող միջոցներից հատկացնել հովվությունների կրթամշակութային գործունեությանը, իսկ տեղական մակարդակով աշխատակիցների աշխատավարձերի վճարումը և այլ գործառույթներ թողնվեցին հոգևոր հովիվներին։ Ժողովի ավարտին Տեր Տաթև քահանան իր եղբայրական սերը հայտնեց փոխառաջնորդության հոգևոր հովիվներին և սարկավագներին տարիներ շարունակ միասին ծառայելու և որդիական երախտագիտություն հայտնեց թեմակալ առաջնորդին՝ իր և ծառայության նկատմամբ դրսևորած հայրական վերաբերմունքի համար։

Տեր Նարեկ քահանան շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի և վստահության համար, հանձնառու եղավ իր արդյունավետ ծառայությամբ գոհացնել հավատացյալների սպասումները։ Ժողովի ավարտին առաջնորդը ժողովականներին ներկայացրեց փոխառաջնորդության մշակույթի բաժնի նորանշանակ պատասխանատու Շուշանիկ Վանցյանին և հորդորեց հոգևոր հովիվներին փոխանորդությունում ակտիվացնել մշակութային կյանքը՝ գործնական համագործակցությամբ Ախալքալաքի առաջնորդարանի։

Քահանայից և պաշտոնեության համատեղ ժողովն ավարտվեց պահպանիչ աղոթքով։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան