Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ    Մամուկա Բախտաձեն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետ։

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մամուկա Բախտաձեին շնորհավորանքի համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները կշարունակեն արդյունավետ փոխգործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների զարգացման և ժողովուրդների բարեկեցության: