Ախալցխայում բացվեց եկեղեցուն կից կրթամշակութային կենտրոն

Ախալցխայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողքին գտնվող շինության մեջ բացվեց եկեղեցուն կից Վարդգես Սուրենյանցի անվան կրթամշակութային կենտրոն: Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հոգեւոր դասի հետ միասին, Վրաստանի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, քաղաքապետ Զազա Մելիքիձեն մի խումբ աշխատակիցների հետ միասին, սակրեբուլոյի ղեկավար Գելա Նոզաձեն մի խումբ տեղական պատգամավորների հետ միասին եւ բազմաթիվ այլ հյուրեր:

Կենտրոնի բացման արարողության մեկնարկը տրվեց  օրհնության արարողությամբ, որից հետո պատգամավոր Գիորգի Կոպաձեն կտրեց կենտրոնի կարմիր ժապավենը: Կենտրոնի բացման արարողությանը հետեւեց հյուրասիրություն «Ախալցխա» պարային խմբի կատարման ներքո:

«Այսօր Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ բացվեց Վարդգես Սուրենյանցի անվան կրթամշակութային կենտրոնը: Այստեղ երեխաները սովորելու են հայերեն, նկարչություն, պար եւ երգ»,-ասում է Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հակոբ Սահակյանը:

«Այսօր բացվել է Ախալցխայի նկարիչ Վարդգես Սուրենյանցի անվան կենտրոն, որտեղ երիտասարդները կսովորեն նկար, ինչպես նաեւ հայերեն եւ վրացերեն լեզուներ: Ախալցխայում ապրող բոլոր ազգությունների ներկայացուցիչները կարող են գալ այս կենտրոն եւ սովորել », — ասում է սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանը:

Ախալցխայի հոգեւոր տեսչության կողմից կենտրոնի տնօրեն նշանակվեց Ասյա Եփրանոսյան-Բաբոյանը:

Վիկտորիա Եգիյան