Վախենում եմ որ սփյուռքի նախարարությանը փոխարինող ԱԳՆ-ի համապատասխան բաժանմունքը չդառնա նախորդի կրկնօրինակը. Արտակ Այվազյան

Վերջին օրերին բուռն քննարկման է արժանացել սփյուռքի նախարարության օպտիմալացման հարցը, ինչի պատճառով այս հարցի շուրջ որոշել ենք ծանոթանալ տարբեր մարդկանց մտքերի հետ: Արտակ Այվազյանը իր հոդվածներում բազմաթիվ անգամ անդրադարձել է Հայաստանին վերաբերվող տարբեր թեմաների, ինչպես նաեւ սփյուռքի նախարարության գոյության ու գործունեության թեմաներին: Այդ պատճառով Akhaltskha.Net–ը հարցազրույց է պատրաստել Վրաստանի հայ գիտակների ակումբի հիմնադիր Արտակ Այվազյանի հետ:

Պրն. Այվազյան վերջին օրերին պարզ դարձավ, որ Հայաստանում մի շարք նախարարությունների հետ փակվում է նաեւ սփյուռքի նախարարությունը: Ձեր կարծիքով ինչքանով ճիշտ կամ սխալ է այս որոշումը եւ ինչպես է այն անդրադառնալու ավանդական սփյուռքի վրա:

-Չնայած արդեն շատ քննադատական թեմաներ են բարձրացվել ու բարձրացվում սփյուռքի նախարարության գործունեության հետ կապված, եկեք համաձայնվենք, որ դրանք, առավելապես , հնչել են տվյալ նախարարության աշխատակազմի , ներառյալ հին եւ նոր նախարարների հասցեին: Այսինքն, եւ բացասական եւ դրական գնահատականը , հիմնականում, անձնավորված է եղել:

Սրանից կարող է կարծիք կազմվել , որ ինչպես այլ բնագավառներում , եթե նոր իշխանությունը «ճիշտ մարդկանց» նշանակի, իրավիճակը այլը կլինի: Բայց, երեւի , հարցը իր բնույթով ոչ թե կադրային կամ համակարգային է, այլ սկզբնական գաղափարի մեջ է:

Եկեք մի պահ պատկերացնենք, որ սփյուռքի նախարարության մեջ նախարարից մինչ դռնապահը անշահախնդիր ու աշխատասեր մարդիկ են աշխատում: Հետո պատկերացնենք այն հաշվետվությունը , որ ամեն տարի տալիս են նախարարությունները վարչապետին ու Ազգային Ժողովին: Տնտեսության նախարարությունը ներկայացնում է տարվա ընթացքում տնտեսական աճի թվերը , առողջապահության եւ սպորտի նախարարությունը ներկայացնում է մարդկանց մատուցված բժշկական ծառայությունների թվերը եւ հայկական սպորտի հաջողությունների ցուցանիշները եւ  վերջապես, նույնիսկ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է այդ թվում նաեւ վնասազերծված հակառակորդի ու սեփական կորուստների թվերը: Այսպիսով գնահատվում է տվյալ նախարարությունների բավարար կամ ոչ բավարար աշխատանքը ի նպաստ հայկական պետության:

Իսկ ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում թեկուզ շատ աշխատասեր Սփյուռքի նախարարը: Թե որքա՞ն գաղթօջախ է այցելել նախարարությունը եւ քանի՞ անգամ է այդ տարի քոչարի պարվել նույն մարդկանց կողմից Լոս Անջելեսի կամ Կրասնոդարի համայնքում: Դա ի՞նչ շոշափելի օգուտ կարող է բերել Հայկական պետությանը , որի համար նրա ոչ հարուստ բյուջեից նախարարությանը տարեկան մինչ 100 մլն դրամ է հատկացվել: Սփյուռքի նախարարության միջոցով հնարավոր հայրենադարձության կազմակերպության թեման սիրիական իրադարձություններից հետո չարժի նույնիսկ շոշափել, քանզի սա արդեն ոչ թե մի նախարարության, այլ ընդհանրապես ՀՀ պետական մոտեցման հարցն էր: Արդեն 8-10տարի առաջ պարզ էր , որ Սիրիայում քաղաքացիական եւ ազգակրոնական անջատողականության ճգնաժամը անխուսափելի է , բայց ՀՀ ոչ մի իշխող կամ ընդդիմադիր կուսակցություն , ոչ մեր հայաստանյան «երեւելի» վերլուծաբանների բանակը չբարձրացրեց այն հարցը, որ դեռ մինչ ճգնաժամը հարկավոր էր Սիրիահայ համայնքում քարոզչական աշխատանք սկսել անշարժ գույքի վաճառքի եւ Հայրենիք վերաբնակվելու , ինչպես նաեւ ՀՀ կողմից ներգաղթողների համար արտակարգ պարզեցված ու նպաստող օրենքի ընդունման մասին:

Կարելի է ասել, սիրիահայ համայնքի ճակատագիրը լակմուսային թուղթ էր հայկական ազգային ու պետական մտքի իրական վիճակը գնահատելու համար: Այս պարագայում, արժե՞ ավելացնել, որ նման իրավիճակում Սփյուռքի նախարարություն կոչված կառույցը ի սկզբանե աշխատունակ չէր:

Ասենք,որ «Սփյուռքի հետ կապերի կոմիտե» կոչվող կառույց գոյություն ուներ դեռ ՀԽՍՀ ժամանակ: Հարկ է ասել, որ նույնիսկ խորհրդային իրականության մեջ կառույցը ազգանպաստ գործ էր անում , որ ուներ որոշակի հստակ արդյունքներ ՝ Մերձավոր Արեւելքից հայրենադարձվողներ, սփյուռքահայ ուսանողներ հայկական բուհերում , իսկ 50-ական թվականներից որոշակի համագործակցություն Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման մեջ: Էլ չասեմ Կոմիտեի կողմից հրատարակվող շատ որակյալ ամսագրի մասին, որը ոչ միայն Սփյուռք էր առաքվում, այլ որին հնարավոր էր ազատ բաժանորդագրվել ԽՍՀՄում: Մարդիկ, որոնք լավ հիշում են խորհրդային տեղեկատվության վերահսկողության ու սահմանափակման աստիճանը, կխոստովանեն, որ դա մեծ ձեռքբերում էր:

Բայց մյուս կողմից, վերոհիշյալ կոմիտեն, ըստ պարտադրվածության, Սփյուռք էր համարում միայն ԽՍՀՄ տարածքից դուրս բնակվող հայերին, եւ ընդհանրապես կարող էր անել այն , ինչ, առավելագույնս, կթույլատրվեր անել ԽՍՀՄ պայմաններում:

Անկախության ժամանակաշրջանում ստեղծված Սփյուռքի նախարարության պարագայում արդեն հակառակ վիճակ ստեղծվեց՝ բացառությամբ Արցախի, Սփյուռք անվանվեց նաեւ հայության այն մասը, որոնք պատմականորեն հայրենի հողի վրա էին ապրում, բայց ՀՀ եւ Արցախի սահմաններից դուրս, ինչը, նորից տվյալ նախարարության անվանման թե գաղափարի ու մեր ազգային մտածողության միջեւ կոնֆլիկտ էր առաջացնում: Տեղի՞ն է արդյոք Խաղտիքի (Համշենի) կամ Ջավախքի հայությանը սփյուռք անվանել :

Այստեղ առանձին ուզում եմ նշել մի կարեւոր բան : Մենք ,չգիտեմ ինչու, անտեսում ենք այն, որ 1988 թվականի երկրաշարժից եւ արդեն անկախության շրջանում ժամանակաշրջանում ՀՀ-ից տնտեսական արտագաղթողների թվում ոչ միայն հայերն էին ,այլ նաեւ մեր այլազգի հայրենակիցները:

Առաջին հերթին նշեմ մեր եզդի հայրենակիցներին ՝ Հայկական պետությունը նրանց եւ նրանց զավակներին հայրենակից համարու՞մ է թե ո՞չ: Եթե այո, բան արվե՞լ է ՀՀ-ից արտագաղթած եզդիների ՌԴ-ում եւ Եվրոպայում ձեւավորված համայնքների երեխաներին ներգրավելու Արի տուն ծրագրում: Մեր եզդի եւ մոլոկան հայրենակիցները եթե կապեր են պահպանում ՀՀ-ում իրենց ազգակիցների հետ, ապա այս ամենում Սփյուռքի նախարարություն կառույցը ոչ մի դեր չի ունեցել եւ չէր կարող ունենալ, քանզի կրկնվեմ, մենք դեռ չենք էլ կողմնորոշվել թե ինչ է ազգակից եւ ինչ է հայրենակից հասկացողությունները:

Ավելին ասեմ, հեշտ ուղիների հետեւելով, սփյուռքի նախարարությունը իր գործունեությունը ծավալում էր ՀԱԵ թեմերի, ավանդական կուսակցությունների միջոցով, ինչով օտարացնում էին ոչ միայն մեր կաթողիկե կամ ավետարանական ազգակիցներին, այլ նաեւ մահմեդականություն ընդունած եւ ընդհանրապես այլադավան հայերին:

Հետեւապես ես ոչ միայն իմաստ չեմ տեսնում Սփյուռքում հաշվետվական մշակութային միջոցառումների համար նախարարություն ունենալը, այլ նաեւ անընդունելի եմ համարում, որ առնվազն 6-7 միլիոնանոց սփյուռքի իբր համահարգման համար պաշտոնյաները ոչ թե ընտրվում են սփյուռքում, այլ նշանակվում են թեկուզ եւ ՀՀ-ում ժողովրդավարություն վայելող Նախագահի, վարչապետի թե Ազգային ժողովի կողմից: Չէ որ սա արդեն քաղաքացիական հարց չէ միայն, այլ համազգային:

Հույս ունեմ, որ սփյուռքի նախարարության չեղարկման որոշումը այդ թվում նման մոտեցմամբ էլ է թելադրված:

Ինչ վերաբերվում է նախարարության լուծարման հետ կապված հնարավոր բացասական երեւույթներին, ապա առանց դրա երբեք ոչ մի փոփոխություն չի լինում: Ես ավելի կվախենամ, որ սփյուռքի նախարարությանը փոխարինելու համար ԱԳՆ-ի համապատասխան բաժանմունքը չդառնա նախորդի կրկնօրինակը, շարունակելով նախկին հարաբերությունների ձեւաչափը ՀՀ-ից դուրս հայության հետ:

Քանի որ մենք ունենք Հայկական լեռնաշխարհից տարբեր ժամանակներում արտագաղթած հայություն, Հայկական լեռնաշխարհում ՀՀ- եւ Արցախի Հանրապետությունից դուրս ապրող հայություն, Երկրից արտագաղթած այլազգ, բայց իրենց հայկական հանրության ներկայացուցիչ համարող հայրենակիցներ, եւ այս մարդկային մասսան ունի կամ հայկական կամ այլ քաղաքացիություն, ապա «Հայրենիք –Սփյուռք» ձեւաչափը սխալ էր արդեն իր անվամբ: Ընբռնումով մոտենալով անկախացման առաջին ծանրագույն տասնամյակում անխուսափելի բացթողումներին, այսօր գոնե պետք է կիրառվի «Համայն Ազգ – Պետություն» համամիավորող գաղափարը, Ազգի բաղկացուցիչ մաս ընդունելով բոլոր վերը նշված հայրենակիցներին: Հայկական ազգային ինքնության ոչ միայն պահպանման, այլեւ գերաճի եւ ազգի ներուժը հայկական պետականության հետ կապելու համար հենց պետության տարածքի վրա պիտի նախաձեռնվի համազգային կառույց, որտեղ, լավագույն դեպքում, ներկայացված կլինեն բոլոր վերը նշված հայրենակցական համայնքների պատգամավորված ներկայացուցիչները: Թե ինչպես այն կկոչվի, որքանով կհաջողվի ընդգրկել մեր հայրենակիցներին, եւ երբ Ազգը եւ Պետությունը կզգա նման համագործակցության արդյունքները, առանձին ծավալուն թեմա է:

Ինչ ազդեցություն կունենա նախարարության լուծարումը Վրաստանի հայկական կազմակերպությունների եւ հասարակության կյանքում:

-Չեմ կարծում, որ կլինեն զգալի փոփոխություններ: Ի վերջո Սփյուռքի նախարարությունը առավելապես ՀՀ դեսպանատան եւ ՀԱԵ Վիրահայոց Թեմի միջոցով է գործել Վրաստանում, իսկ քանի որ խոսքը միշտ էլ մշակույթային միջոցառումների մասին է եղել, ապա այդ երկու կառույցները լիովին կարող են մշակույթային ծրագրել իրականացնել առանց նման նախարարության: Առավել եւս, որ դեսպանատան դեպքում ՀՀ ԱԳՆ-ն է ստանձնելու լուծարվող նախարարության դերը, իսկ Վիրահայոց Թեմը հաշվետու է Մայր Աթոռի առաջ:

Ինչ վերաբերվում է Վրաստանում գործող հայկական անկախ ՀԿ-ներին, ապա չեմ կարծում, որ նույնիսկ անցյալում պաշտոնական Երեւանը համագործակցելուց առաջ չի ղեկավարվել դեսպանատան, այսինքն ԱԳՆ դիրքորոշմամբ կամ կարծիքով: Հիմա ուղղակի լուծարվում է ավելորդ միջնորդը:

Եթե խոսել լայն հանրության մասին, կարծում եմ «Արի տուն» ծրագիրը այնուամենայնիվ կշարունակվի իրականացվել:

 Ինչպե՞ս եք գնահատում սփյուռքի նախարարության մերձավոր սփյուռքի հետ վարչության աշխատանքը Վրաստանում:

 -Ինչպես ամենուրեք, Վրաստանում էլ Սփյուռքի նախարարության աշխատանքը եղել է հիմնականում հաշվետվական ՝ նվազագույն արդյունավետությամբ եւ առավելապես անհասցե:

Չէ որ, եթե գլխավոր նպատակը հայապահպանությունն է հռչակագրված, ապա տեղին էր հասկանալ, որ մինչ Սփյուռքի նախարարության կողմից մշակույթային միջոցառումների հանրայնացումը անհրաժեշտ է, որ այդ հանրությունը ոչ թե պակասի տարեցտարի, այլ աճի: Մենք լավ գիտենք , որ վիրահայոց համայնքի նոսրացման պատճառը Վրաստանից հայերի արտագաղթը չէ միայն, այլ հայկական ինքնությունից աստիճանաբար հրաժարվելը:

Այդ երեւույթը իր կեցական դրդապատճառներ ունի եւ առկա է ողջ հայության մեջ:

Մինչ հայկական մշակույթի ընկալումը, անձը դեռ ճանապարհ ունի անցնելու մայրենի լեզվով, կենդանի մերձավոր ազգակցի բարեկամությամբ, եւ ազգային կառույցների ուշադրության միջոցով հայկական ինքնությամբ հրապուրվելը:

Հասարակ լեզվով ասած, որքան ավելի կնպաստեր հայկական համայնքին պահպանմանը եւ ստվարացմանը, ազգին, Հայ Եկեղեցուն , Հայկական պետականությանը հավատրմագրվելուն, նոր մի եկեղեցի կառուցելու փոխարեն Թբիլիսիի կամ Ջավախքի ծննդատներում Թեմի եւ Դեսպանատան միջոցով հայ ծննդականներին գոնե 50-ական դոլլարի արժեքի մանկական հագուստի կամ սնունդի նվիրաբերելը:

Ըստ գաղափարի, կարծես, Սփյուռքի նախարարությունը, որպես աշխարհիկ ու վերկուսակցական ազգային վարչություն, պետք է թե մերձավոր թե հեռավոր համայնքներում աշխատեր նման կեցական գաղափարներով օրակարգ պարտադրեր թե Թեմերին, թե ավանդական կուսակցություններին: Բայց, իրականում, ինքը միայն կրկնօրինակեց նրանց գործելաոճը:

 

Էդուարդ Այվազյան