Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Վրաստանում ՀՀ դեսպանության և անձամբ իմ անունից սրտագին շնորհավորանքներ եմ հղում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Կարևորագույն մաղթանքս է, որ լինեք առողջ ու երջանիկ, և, որ գալիք Նոր տարին նշանավորվի միմիայն բարի իրադարձություններով:

Անցնող տարին նշանակալի տարի էր հայ-վրացական հարաբերությունների համար։ Տեղի ունեցան բարձր մակարդակի մի շարք փոխայցելություններ, ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ, վիրահայության համայնքային կյանքը հագեցած էր բազմաթիվ իրադարձություններով։

2018 թ․ Հայաստանում տեղի ունեցան շրջադարձային փոփոխություններ, որոնք նոր էջ բացեցին հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։ Այն բարեփոխումները, որոնք սկսել է հայրենի կառավարությունը խոստանում են ունենալ բեկումնային նշանակություն ամեն մի հայի կյանքում։

Ցանկանում եմ, որ նոր 2019 թվականը վերելքների ու խաղաղության սկիզբ դառնա, ամեն հարկի տակ թևածեն սերը, ջերմությունն ու լավատեսությունը: Հայաստանն ու Վրաստանն էլ Նոր տարում գրանցեն աննախադեպ հաջողություններ ամենատարբեր ուղղություններով։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Աստված պահապան հայ և վրացի եղբայրական ժողովուրդներին»: