Անարժանները հերոսներ դարձան. քաջերը մնացին ստվերում

ՀՀ արդարադատության դատաիրավական համակարգի կայացրած աղմկահարույց մի քանի որոշումները հարուցել են հանրության դժգոհությունը: Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ նախկին նախագահին ժողովուրդը գուցե ների, սակայն Մանվել Գրիգորյանն աններելի է: Արժանանալ համազգային ատելության. ահա պատիժը, որին արժանացել է նա: Ամենաքիչն այսօր ինձ նա է հետաքրքրում, չասելու համար՝ առհասարակ չի հետաքրքրում: Մտահոգությունս՝ սահմանի խաղաղությունն է, հայ զինվորի անփորձանք վերադարձը տուն:

Ափոսոսում եմ միայն մի բանի համար, որ «Հերոս», «Զորավար» ու «Գեներալ» կոչումները ինքնակոչ անարժանների պատճառով արժեզրկվել են, ստվեր է գցվել իրական հերոսների՝ քաջարի մարտիկների փառահեղ անցյալի վրա: Իսկ տխրահռչակ հանրապետականների ողջ էլիտան շարունակում է Մանվել Գրիգորյանին դիմել զորավար-ով, գեներալ-ով:

Ժողովրդի հարգանքն ու մեծարանքն են զինվորին Հերոս ու Զորավար դարձնում և ոչ թե…

Շարմազանովը հռետորական իր ողջ փիլիսոփայությամբ միշտ պաշտպանել է Մանվել Գրիգորյանին, 2016-ին էլ նրան պաշտպանելու գործին էր լծվել. «… Եթե մենք այդպես գնանք, պետք է Նժդեհի և Անդրանիկի կռվի մասին խոսենք, Դրոյի և Անդրանիկի տարաձայնությունների մասին խոսենք: Կոչ եմ անում հեռու մնալ Մանվել Գրիգորյանից: Ըստ իս` նա հերոս է»:

Իրականությունն անթաքույց զավեշտալի է. ՀՀԿ-ի համար Մանվել Գրիգորյանը (և ոչ միայն) եղել է հերոս՝ «Զորավար Մանվել», ինչպես Զորավար Անդրանիկը՝ ողջ հայության համար: Հայոց պատմությունից գիտելիք ունենալու, չունենալու խնդիրը չէ այստեղ, այլ այն, որ հանրապետականները շարունակում են վիրավորել մեր հերոսների հիշատակը: Վիրավորական է Զորավար Անդրանիկին, Նժդեհին, Դրոյին համեմատել Գրիգորյանի հետ: Զինվորի հացը գողանալուց հետո էլ փորձում են նրան պահել «փառքի պատվանդանին»:

Թյուր է իրական հերոսի ձեր պատկերացումը, պարոնա’յք հանրապետականներ. Առաքելոց վանքի կռիվը շարունակում է սերունդներ դաստիարակել, Լեռնահայաստանի անառիկության համար պիտի խոնարհվենք հայրենիքին վահան դարձած մեր հերոսների հիշատակի առաջ: Գարեգին Նժդեհի խոսքերը մեջբերելը ինտելեկտի մակարդակի չափրոշիչ չէ, և այն չի մեղմացնի մեղսագործությունը պետության հանդեպ գործած մեծագույն ոճրում:

Արտաշիրիմել է պետք Գարեգին Նժդեհին, նա հաստատ շուռ է եկել դագաղում, քանզի նրա երազած Հայրենիքում սասանեցին ժողովրդի և՛ հավատը, և՛ կամքը, և՛ հող հայրենին:

Ժամանակի կողմից պատմության գնահատական տալու բարեհաճության աղերսը հայ ժողովուրդը չունի, հայի հերոսը՝ մերօրյա Զորավարը, սահմանին կանգնած յուրաքանչյուր Զինվորն է, հայրենի հողի համար նահատակված մեր հայորդիները և նրանք՝ ովքեր պատերազմից հաղթանակած տուն դարձան ու լուռ ապրում են ռազամի դաշտի հուշերով:

Անհարմար է անգամ մտածել, որ խրամատում կանգնող զինվորի հացը խլած մարդակերպարը ոմանց ուղեղներում որպես պոտենցիալ հերոս է դիտարկվել:

Արդարատության դատաիրավական համակարգը «պատվազրկված» է այսօր, սա է նոր Հայաստանի ժառանգությունը, պարոնա՛ք դատավորներ որոշում կայացնելուց առաջ խորհեք, երկա՜ր խորհեք. քանզի ժողովրդի դատաստանը ծանրագույնն է, այն վեր է բոլոր օրենքներից:

 

Ջեմմա Բաղդադյան