Արգելե՛ք շահարկել Հայոց ցեղասպանությունը

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից աշխարհաքաղաքական զարգացումներին տեղին ու ժամանակին չարձագանքելը հիշեցնում է Է. Նալբանդյանի ձեռագիրն ու աշխատաոճը. հավատարիմ լինել «լռելու ավանդույթին»:

Ինչո՞վ է զբաղվել ու զբաղվում ՀՀ ԱԳՆ-ն, եթե Արցախի հարցը չլիներ, հարկադիր պարապուրդի կմատնվեր: Քառորդ դար դիվանագիտական հարթակում՝ Արցախի հարցում չկարողացանք էական հաջողություն արձանագրել, բացառապես ամերիկյան մի քանի նահանգների կողմից Արցախի անկախության ճանչումը: Զավեշտ է. պատերազմում հաղթած կողմը հարցին մոտենում է «յոլա գնալու, լեզու գտնելու» տրամաբանությամբ: Ավելին. ժամանակին թույլ տվեցինք եռակողմ բանակցություններից դուրս մղել Արցախին, հիմա էլ փորձում ենք հակառակն անել: Մասնակից չլինել համաշխարհային գիտամշակութային կյանքին, անհաղորդ լինել աշխարհաքաղաքական անցուդարձին, չունենալ ձայնի իրավունք, չլինել հակակշիռ. սա է  նորանկախ Հայաստանի  ռազմավարությունը:

Իսրայելը ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը չէ, ոչ էլ բարի դրացին, և որևէ առումով նրանից կախում չունենք: Ավելին, Ապրիլյան քառօրյա պատերազմում գերժամանակակից տեխնիկայով սատարեց ազերիներին, որի առիթով Հայաստանի ԱԳՆ-ն բողոքի մի նոտա, անգամ, չհղեց, ուր մնաց՝ Հաագա-ի միջազգային դատարանում քրեական գործ հարուցեր ընդդեմ Իսրայելի: Կարող էինք՝ չարեցինք, որովհետև «մենք ամեն տեղ ենք, բացի մեր տեղից»:

Թուրք-իսրայելական լարված հարաբերությունները վերջին տասնամյակում վիրտուալ հարթակից ցած չեն իջնում, և հակագրոհի ժամանակ Իսրայելի կառավարության ղեկավարը թուրքերին սաստելու թիրախ է օգտագործում Հայոց ցեղասպանությունը և այն Քնեսեթի օրակարգ բերում: Ամերիկայի միջամտությունից հետո, հարցը կամ տապալվում է, կամ օրակարգից ժամանակավորապես դուրս մնում:

Այդպես եղել և կլինի քանի դեռ Հայաստանը Իսրայելին պաշտոնապես չի սաստել: Դժվա՞ր է Հայաստանի անունից բողոքի մի նոտա հղել, արգելել Հայոց ցեղասպանությունը անհարկի շահարկել, և նախազգուշացնել, կրկնելու դեպքում դիմել միջազգային դատարան: Իրականում, Հայոց ցեղասպանության հարցը  դրանից շոշափելի կորուստ չի ունենա, այստեղ հայ ժողովրդի արժանապատվության հարցն է, որ իր նախկին իշխանավորների կողմից միշտ անտեսվել է, իսկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնանացականյանը նորեկ չէ այս համակարգում, ուստի, նրա աշխատաոճն ընդունելի չէ. օպերատիվության մասին խոսք լինել չի կարող: Ավելին, օրերս հրեական «Երուսալիմ պոստին» տված նրա հարցազրույցը զարմանք առաջացրեց. ումի՞ց էր վախենում մեր նախարարը, ինչո՞ւ էր այդքան զուսպ ու զգուշավոր, մի՞թե առիթը չէր նախկինի բացթողումները ուղղելու, Հայոց ցեղասպանության բարոյական ենթատեքստից է խոսում. մի՞թե ճշմարտությունն ասելու համար կարելի է այդպես կարկամել, երբ կորցնելու ոչինչ չունես:

Արգելե՛ք Հայոց ցեղասպանությունն աշխարհի որևէ երկրում որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործել, դա անարգանք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Ջեմմա Բաղդադյան