Տեղական վրացական լրատվամիջոցների մոտեցումները մտահոգիչ են

Վերջին շրջանում Սամցխե-Ջավախքի տեղական վրացական լրատվամիջոցները կարծես միտումնավոր լարել են սկսել իրավիճակը հայ-վրացական հարաբերությունների շուրջ: Այդ ամենը աչքի ընկավ անցնող տարվա հունիսին, երբ վրացական «Հարավային դարպաս» թերթը նյութ հրապարակեց այն մասին, որ անվտանգության մարմինների նախկին աշխատակից Գոչա Գելաշվիլին անհարգալի վերաբերմունք էր ցուցադրել իր հայ հարեւանների հասցեին եւ անպատիվ խոսքեր հնչեցրել հայերի նկատմամբ: Հարցը ամենեւին էլ տվյալ նյութի բովանդակությունը չէ այլ նրանում է, որ տվյալ նյութի տակ ֆեյսբուքյան իրենց էջում սկսվեցին հակահայկական մեկնաբանություններ, որոնք ոչ մի կերպ չջնջվեցին տվյալ լրատվամիջոցի էջից: Հաջորդը արդեն այն նյութն էր, որտեղ ասվում էր, որ Ախալցխայում դիմել են քաղաքապետարանին Շառլ Ազնավուրի փողոց ունենալու համար: «Հարավային դարպաս» թերթի ֆեյսբուքյան էջի տակ այդ ժամանակ նույնպես սկսվեց հակահայկական մեկնաբանությունների տարափ, որը ոչ մի կերպ չհեռացվեց էջից եւ նույնիսկ խմբագրության կողմից զգուշացումներ չեղան, որ նման ազգամիջյան թշնամանք առաջացնող մեկնաբանությունները անընդունելի են: Դրանից հետո տեղական  TV-9 վրացական ալիքը մի նյութ հրապարակեց այն մասին, որ Ախալցխայի Նաոխրեբ գյուղում ցուցանակ էր տեղադրվել, որտեղ հայերենով, ռուսերենով, անգլերենով եւ վրացերենով գրված էր գյուղի անունը: Դա տեղի էր ունեցել առանց տեղական իշխանության պաշտոնական թույլատվության, սակայն նյութի հրապարակման ոճից երեւում էր, որ այն եւս առաջացնելու է նոր հակահայկական ալիք Ախալցխայում: Եվ ցավոք այդպես էլ եղավ: Տվյալ ալիքի ֆեյսբուքյան էջի տակ սկսվեցին հակահայկական մեկնաբանություններ: Տեսնելով այդ ամենը մի քանի անգամ կապ հաստատեցինք հեռուստաընկերության տնօրինության հետ եւ խնդրեցինք հեռացնել ազգամիջյան թշնամանք առաջացնող մեկնաբանությունները: Մեզ հավաստիացրին, որ նման մեկնաբանությունները ջնջվելու են, սակայն իրականում ոչինչ չձեռնարկվեց: Այդ ժամանակ ստիպված եղանք գնալ տվյալ հեռուստատեսության գրասենյակ եւ պահանջել ջնջել մեկնաբանությունները: Դրանից հետո հեռուստաընկերությունը բավարարվեց ընդամենը զգուշացումով, որ նման կարգի մեկնաբանությունները անընդունելի են եւ ջնջվելու են: Դա իհարկե ոչինչ չփոխեց եւ մեկնաբանությունները շարունակվեցին նույն հակահայկական ոգով:

Եվ ահա երեկվա հակահայկական հիստերիան, որը սկսեցին ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորելով Վրաստանի հայերին, արագ տարածվեց ադրբեջանական փողերով սնվող վրացական լրատվամիջոցներով: Դրանց հետեւեցին նաեւ մնացած վրացական լրատվամիջոցները: Խոսքը նրա մասին է, որ Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին, որին ներկա էր նաեւ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ ընդգծվածությամբ սկսեցին գրել, որ վրացական հողում հայերը տեղադրել են «ադրբեջանական տարածքը օկուպացրած» մարդու կիսանդրին, շեշտելով, որ դա տեղի է ունեցել այն օրը երբ Ադրբեջանում սգում են խորհրդային բանակի կողմից սպանվածների համար: Դրանից բացի հոդվածներում հատուկ անդրադարձ է կատարվել Բաղրամյանի անվան գումարտակին, որպեսզի ավելի մեծ լարվածություն մտցնեն տվյալ թեմայի մեջ:

Եվ այս կատարվածի շուրջ ամենացավալին այն էր, որ տեղական վրացական լրատվամիջոցները, որոնք ապրում են հայ-վրացական միջավայրում սկսեցին ուրախությամբ հետեւել մնացած վրացական լրատվամիջոցներին եւ այնպիսի նյութեր պատրաստել, որոնցում հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տրվել են ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությանը կամ հակահայկական տրամադրություններ ունեն:

Արեւմտյան գրանտերով սնվող այս լրատվամիջոցները հավանաբար չեն հասկանում, որ նման պահվածքը հակասում է իրենց հովանավորների սկզբունքներին եւ իրենց մոտ այս առումով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Նաեւ նման անուշադիր կամ նույնիսկ միտումնավոր պահվածքի պատճառով նրանք կորցնում են հայկական բնակչության վստահությունը իրենց իսկ լրատվամիջոցների նկատմամբ: Եվ ամենակարեւորը այն է, տեղական լրատվամիջոցների նման պահվածքը վտանգի տակ է դնում հայ եւ վրաց ժողովուրդների հարաբերությունները ու այս լարվածությունը կարող է դուրս գալ լրատվամիջոցների շրջանակից եւ ավելի մեծ խնդիրներ ստեղծել հասարակության մեջ:

Ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու թարմացումը եւ տեղադրումը ոչ մի կերպ չի կարող խանգարել ոչ հայ-վրացական եւ ոչ էլ վրաց-ադրբեջանական հարաբերություններին: Ադրբեջանցիներին այս աղմուկը պետք է հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելու համար եւ դրանում այդ երկրին օգնում են որոշ վրացական լրատվամիջոցներ: Ադրբեջանում արագ մոռանալու են այդ կիսանդրու պատմության մասին, սակայն շարունակելու են նույն կերպ աղմուկ առաջացնել դատարկ տեղում լարելով «վրացական» մեդիադաշտը ընդդեմ սեփական երկրի եւ դրանով իսկ ազդել Վրաստանի քաղաքականության վրա:

Հուսանք, որ գոնե տեղական լրատվամիջոցները վերջապես ուշքի կգան հասկանալով կատարվածի ողջ իսկությունը եւ կփոխեն իրենց մոտեցումները հանուն մեր երկու ժողովուրդների բարեկամության:

 

Էդուարդ Այվազյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն