Վրաստանի ադրբեջանական համայնքը փետրվարի 8-ին հանրահավաք է անցկացնելու Միքայել Ավագյանի կիսանդրու ապամոնտաժման պահանջով

Վրաստանի ադրբեջանական համայնքը վաղը՝ փետրվարի 8-ին նախատեսում է անցկացնել հանրահավաք պահանջելով իշխանություններից Միքայել Ավագյանի կիսանդրու ապամոնտաժումը:

Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ժամը14:00-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացվեց Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերանորոգված կիսանդրին: Կիսանդրու վերաբացման արարողությանը հետեւեց ադրբեջանական ու Վրաստանի ադրբեջանամետ լրատվամիջոցների ագրեսիվ աղմուկը: Ադրբեջանական քարոզչամեքենան նույնիսկ հորինել էր, որ իբր Միքայել Ավագյանը Աբխազիայում պայքարել է ընդդեմ Վրաստանի, ինչը չի համապատասխանում իրականության եւ նպատակ է ունեցել սեպ խրելու հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ:

Ադրբեջանական լրատվական դիվերսիային հետեւեց Բաքվի պաշտոնական աղմուկը, որը փաստացի միջամտել սկսեց Վրաստանի ներքին գործերին, փորձելով լարվածություն առաջացնել Ջավախքում: Բաքվի հրահանգով արագ գործի անցավ Ազեր Սուլեյմանովը, ով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից:

Եւ ահա վաղը փետրվարի 8-ին ադրբեջանական համայնքը նախատեսում է անցկացնել հանրահավաք Թբիլիսիում Վրաստանի նախկին խորհրդարանի շենքի դիմաց, պահանջելով իշխանություններից ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին, ինչի նպատակը Սամցխե-Ջավախքում իրավիճակը սրելու մտադրությունն է:

Վրաստանի իշխանությունները մինչեւ այս պահը կիսանդրու շուրջ արհեստական ստեղծված աղմուկին պատասխանել են սառնասրտորեն եւ  հավասարակշռված մոտեցումով: Սակայն ինչ կլինի վաղը եւ արդյոք կկարողանա դիմակայել Վրաստանը հարեւան երկրից բխող լրատվական ու պաշտոնական դիվերսիային, որում ներգրավվում են տեղացի քաղաքական ու հասարակական գործիչներ, պարզ կդառնա արդեն շուտով:

 

Էդուարդ Այվազյան