ԱԽԱԼՑԽԱՅԻ 1911 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ ՀՐԴԵՀԸ

Պատմության էջեր

1911թ. հունվարի 13-ին «Հորիզոն» թերթում» Ախալցխայից ստացված թղթակցությունում գրվել է. «Երէկ, ամսիս 12-ի գիշերը ժամը 12-ին, քաղաքումս մի սոսկալի հրդեհ տեղի ունեցաւ: Այրւեցին Յակոբ Ղասապաշեանի Ալէքսանդրովսկայա փողոցում, մեծ կամուրջի մօտ գտնւած կրպակները: Կրակը՝ ինչպէս լսեցինք, առաջացել է այնտեղի խանութաւորներից մէկի՝ հրէայ Միխէլ Քոսոշուլիի վառարանից, որ անզգուշութեամբ չէ եղել հանգցրած: Հաւաքւեցին մարդիկ, զինւորները և ոստիկանութիւնը, սակայն ոչ մի շօշափելի գործ չէին կարող անել անգութ կրակի դէմ, չունենալով հանգցնող մի մեքենայ և գործիքներ: Միայն կայ մի հին ժամանակից մնացած սրսկիչ մեքենայ, սակայն այն էլ անպէտք ու փչացած լինելով, օգուտ չտւեց:

Հրդեհը անարգելք շարունակւեց 6-7 ժամ, մինչև այսօր առաւօտ լափելով 5 խանութներ իրանց ապրանքներով: Այրւող խանութներն են՝ հրէայ Միխէլ Քոսոշուլի՝ մանուֆակտուրնի, Արշակ Ալէքսանեանի գինետունը, Յարութիւն Սրաբեանի և Կարապետ Ղազարեանի բաքալէյնի և հրէայ Եաղուբ Մոշիաշուլի՝ մանուֆակտուրնի խանութները: Առաջի երկու խանութաւորների ապրանքները ամբողջապէս մոխիր դարձան:

Վերջապէս ժամանակ է, որ մեր ազգաբնակութիւնը լուրջ զբաղման առարկայ շինէ հրդէհների դէմ պաշտպանւելու խնդիրը և եթէ քաղաքային վարչութիւնը անզօր է կամ անհոգ այդ կենսական կարիքին բաւարարութիւն տալու, գոնէ ժողովուրդը ինքը միահամուռ ջանքերով սկսի հոգ տանել այդ մասին: Եթէ մենք անկարող ենք մշտական կանոնաւոր հրդէհաշէջների խումբ պահել, գոնէ կարող ենք տեղական երիտասարդներից ազատ ու կամաւոր հրդէհաշէջներ ունենալ, հանգցնող մեքենաներով ու գործիքներով, որոնք հարկաւոր եղած ժամանակ կարող են կանոնաւորապէս հանգցնել հրդեհը ստանալով որոշ վարձատրութիւն»:

 

          «Հորիզոն», 1911, № 12, 19 հունվարի:

Արմեն Ասատրյան