Սուրբ Սարգսին մարմնավորող ձիավորը անցավ Ախալցխայի փողոցներով (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 15֊ին` Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր Ուխտի Խաչերթ դեպի Սազել գյուղի Սուրբ Սարգիս Եկեղեցի։ Խաչերթն առաջնորդում էր Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ. Տ. Թորգոմ քահանա Վարդանյանը։

Խաչերթը մեկնարկեց Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից ուղեկցությամբ ձիավորի, ով մարմնավորում էր երանելի Սուրբ Սարգսին։ Այս Խաչերթն Ախալցխայում տեղի էր ունենում առաջին անգամ և այն անցավ աղոթքների եւ երգեցողությունների ներքո։

Նկատի առնելով այն, որ սա հատկապես երիտասարդների տոնն է բազում երիտասարդներ Ախալցխայի և հարակից գյուղերից մեծ ոգևորությամբ մասնակցեցին աղոթքի ուղուն:

Ժամանելով Սազելի Սուրբ Սարգիս Եկեղեցի, կատարվեց ժամերգություն, նախատոնակ և տեր հայրը օրհնելով պահքի խորհրդանիշ հանդիսացող աղի բլիթները բաժանեց ներկա երիտասարդների։