Թբիլիսիում հայերի դեմ սադրանք իրականացրած ադրբեջանցին Ռուսաստանում աշխատում է որպես փաստաբան

Թբիլիսի Սուրբ Գևորգ եկեղեցում անցած տարվա դեկտեմբերի 2-ին սադրանք իրականացրած ադրբեջանցու անունը Իսմաիլ Օկտայոգլի է: Նա  Ռուսաստանի քաղաքացի է եւ աշխատում է տվյալ երկրում որպես փաստաբան: Այս մասին են վկայում նրա անվան տակ համացանցում բացվող նկարները:

Նկարում երեւում է մի վկայական,  որը տրված է Իսմաիլ Օկտայոգլին ՌԴ փաստաբանների պալատի նախագահի կողմից:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանված էր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին: Տեսանյութում երեւում է ազգությամբ մի ադրբեջանցի, ով Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի ընթացքում նախ ադրբեջաներենով վիրավորական արտահայտություններ է հնչեցնում հայերի ու Հայաստանի հասցեին եւ հակահայկական կոչեր անում, ապա դիմում իր համաքաղաքացիներին, հորդորելով  «հայկական բոլոր դեսպանատների և եկեղեցիների մոտ ակցիաներ անել՝ Ղարաբաղի ազատագրման համար», որից հետո ցուցադրաբար այրում է հայկական դրոշը: